Թանահատի վանքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թանահատի վանքը

Հայրենի պատմության սիրահարների համար պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Թանահատի վանքի պատմությունը:

«Թանահատի վանքը կառուցվել է վաղ միջնադարում՝ 4-5-րդ դարերում: Կառուցման ստույգ թվականը հայտնի չէ. Անվանումը կապված է Անահիտ բառի հետ, քանզի այստեղ նախաքրիստոնեական Հայաստանում եղել է մայրության աստվածուհու՝ Անահիտի տաճարը:

Վանքը գտնվում է Վայոց ձորի Վերնաշեն ( 7 կմ) գյուղից հարավ-արևելք: Կոչվում է նաև Կարմիր վանք, քանզի շարված է կարմիր քարից: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է 8-րդ դարին:

g_i

Վանքի գլխավոր եկեղեցին սբ.Ստեփանոսն է: Այն կառուցվել է 1273-1279 թվականներին՝ Պռոշյան իշխանների մեկենասությամբ: Նրանք եկեղեցու հարավային պատին քանդակել են տվել իրենց տոհմական զինանշանը՝ արծիվ, որ ճանկել է գառ: Սրանից դեպի արևմուտք առյուծ է պատկերված՝ ճիրաններում խեղդամահ արված ցուլ:  Գմբեթի երկու կողմերում պատկերված են աղավնիներ, առյուծի, եզան գլուխներ: Եկեղեցին խաչաձև-կենտրոնագմբեթ կառույց է, ունի չորս ավանդատներ, որոնցից արևելյանները կրկնահարկ են:

Թմբուկը սլացիկ է, ունի 12 նիստ, գմբեթը վեղարաձև է:

Սբ.Ստեփանոսի հյուսիսային մասում է Սբ.Նշան միանավ եկեղեցին: Կառուցումը վերագրվում է 13-րդ դարին: Կոնկրետ թվական հայտնի չէ: Եկեղեցու մուտքի բարավորի վրա բարձրակարգ բարձրաքանդակ կա պատկերված՝ որսի տեսարանով: Նրանում քառատրոփ սլացող հեծյալը նիզակն ուղղել է առյուծի երախը, իսկ առյուծը թաթով հարվածում է նիզակին: Պատկերված են նաև Սիրամարգ, կաքավ, այծյամ: Այն միանավ, բազիլիկ եկեղեցի է, ծածկն ու արևելյան պատը փլված են:

Պեղումների ժամանակ վանական համալիրի տարածքում բացվել են նաև միանավ եկեղեցի՝ զույգ ավանդատներով, 13-14-րդ դարերի բազում տապանաքարեր, գավիթ, աշխարհիկ շինություններ:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև ուրարտական արքա Արգիշտի Բ-ի (մթա 8-րդ դար) սեպագիր արձանագրությունը, ուր խոսվում է Ծղուկ գավառի մասին:

Թանահատի վանական համալիրը գործել է մինչև ուշ միջնադար:

Թանահատի վանական համալիրում է գործել միջնադարյան Գլաձորի համալսարանը, որի համբավը Հայաստանի տարածքից շատ ու շատ հեռու է տարածվել: Համալսարանը հիմնադրվել է 1282 թվականին՝ Եսայի Նշեցու կողմից»:



Նման նյութեր