Քաղաքական առևտրի մեկնարկը տրված է. politik.am
Advertisement 1000 x 90

Քաղաքական առևտրի մեկնարկը տրված է. politik.am

Հայաստանում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նորամուծությունը կարելի է համարել կայացած․ ռեյտինգային ընտրակարգը հանված է, ընտրությունները անցկացվելու են փակ համամասնական ցուցակներով։

Ինչ խոսք, սա կարեւոր բաղադրիչ է ժողովրդավարության, քաղաքական համակարգի կայացության առումով, երբ ընտրող իր քվեն տալու է ոչ թե անձերին, այլ կուսակցություններին, գաղափարախոսություններին, սակայն Հայաստանի պարագայում դա ասել չենք կարող, քանի որ Հայաստանի նորագույն պատմության մեջ քաղաքական համակարգն այդպես էլ չկայացավ, ու հիմա էլ ամեն ինչ ավելի ծանր վիճակում է հայտնվել՝ հետպատերազմյան, ինչպես նախագահ Արմեն Սարգսյանն է բնութագրել՝ բազմաշերտ ճգնաժամի պատճառով։

Բացի այդ, ներդրված համակարգով այլեւս որեւէ մեկը չի կարող ասել, թե քանի ձայն է բերել կուսակցության համար եւ միեւնույն ժամանակ, որեւէ կուսակցապետ չի էլ կարող պահանջներ ներկայացնել, թե ինչու խոստացված քվեների քանակը չի ապահովվել, օրինակ, որովհետեւ դա պարզելը, գործնականում արդեն անհնար է դառնում․ պարզ ասած՝ մեկի ձայները մեծ հաշվով դառնալու են բոլորինը, իսկ բոլորի քվեները՝ մեկինը։

Եվ ընդդիմության եւ իշխանության համար, հիմա արդեն թիվ մեկ խնդիրը ընտրական ցուցակներ ձեւավորելն է, քանի որ բոլորը ձգտելու են կազմել այնպիսի ցուցակներ, որտեղ ընդգրկված կլինեն հեղինակավոր, ազդեցիկ, որոշակի տարածքներում իրենց էլեկտորատն ունեցող անձինք, որպեսզի հնարավոր լինի ապահովել անհրաժեշտ քվե՝ պառլամենտում հայտնվելու համար։

Սա իր հերթին բերում է բավականին մութ իրավիճակի, քանի որ եթե քաղաքացի Պողոս Պողոսյանը ունի օրինակ 15 հազարանոց կայուն էլեկտորատ, նա կուսակցությունների վրա իր էլեկտորատը կվաճառի «թանկ գնով», այսինքն՝ կպահանջի, որպեսզի լինի հստակ անցողին համարի ներքո, առաջին կամ երկրորդ տասնյակում, ու այս դեպքում էլ կապ չունի, որքան գրագետ է, պատրաստված, կամ օրինաստեղծ աշխատանքի համար պիտանի։

Առաջիկա ընտրություններում այսօրինակ գործարքներ կլինեն թե ընդդիմության մեջ, թե իշխանության՝ ցուցակներ կազմելիս։ Թերեւս նաեւ սրանով պետք է պայմանավորել այն, որ իշխող թիմում, ըստ մամուլի հրապարակումների, հիմա անհանգիստ վիճակ է, որովհետեւ ցուցակը գաղտնի է պահվում եւ չգիտեն, նոր ցուցակում առհասարակ լինելու են, թե ոչ, կամ որ համարի ներքո։

Արդյունքում ստացվում է, որ դասական քաղաքագիտական առումով ընտրական համակարգերի համար կարեւոր այս բաղադրիչը հայաստանյան իրականությունում արդեն վերածվում է նոր քաղաքական առեւտրի, մութ քաղաքական գործարքների համար առիթի, փոխանակ բարձրացնի երկրի ժողովրդավարության մակարդակը, նպաստի քաղաքական համակարգի կայացմանը, ընտրական համակարգն էլ դարձնի ավելի առաջադեմ։

politik.am



Նման նյութեր