Ընդհանուր բիլիռուբինի բարձր ցուցանիշը կարող է լինել վտանգավոր հիվանդության՝ փտախտային ապենդիցիտի ախտանշան:
Փտախտային ապենդիցիտով պացիենտներին սովորաբար շտապ վիրահատում են: Նախավիրահատական ախտորոշումը կարեւոր է, բայց ոչ միշտ է դյուրին: Ճապոնացի գիտնականները՝ Ֆուտյուի Հանրային բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքից Իտցուկի Նայայի ղեկավարությամբ որոշել են փտախտային ապենդիցիտի նախավիրահատական նախանշանները: Նրանց տվյալները ներկայացվել են Acute Medicine & Surgery ամսագրում:
Գիտնականներն ուսումնասիրել են 162 պացիենտների տվյալները, որոնք 2011 թվականի սեպտեմբերից 2014 թվականի օգոստոս «սուր ապենդիցիտ» ախտորոշումից հետո որդանման ելունի հատման վիրահատություն էին տարել:
Փտախտային ապենդիցիտը հաստատվել է 102 պացիենտների մոտ: Գիտնականները պարզել են, որ ընդհանուր բիլիռուբինի մեծ ցուցանիշը, ինչպես նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով որդանման ելունի շուրջ ճարպի կուտակման հայտնաբերումը կարող է 98,9 տոկոս զգայունությամբ կանխատեսել փտախտային ապենդիցիտը: