Ավելի քան 10 օր է անցել, ինչ Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանն ահազանգել էր իր նկատմամբ առկա սպառնալիքների մասին, սակայն դատախազաքննչական մարմինները դեռ գնահատական չեն տվել։ Ավելին՝ անգամ նյութեր չեն նախապատրաստվում. Ոստիկանությունը գտել է նոր ձեւակերպում՝ կատարվում են ստուգողական գործողություններ։
Հիշեցնենք, որ Մ.Պետրոսյանի նկատմամբ ճնշման միջոցներն սկսվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելուց հետո: Նշված որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը մեկ այլ աշխատակցի հետ շտապել է վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։
Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին ու նրանց այցի մասին տեղեկացրել ԲԴԽ-ին: Այդուհանդերձ, դատավորը քննարկել է փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել: Դատավորի համարձակ վարքագիծը ու կոնտակտի դուրս չգալու քայլը խիստ «բարկացրել» է ԱԱԾ պաշտոնյային, որը սպառնացել է «նստեցնել» դատավորին։
Վերջինս իրեն ուղղված սպառնալիքների մասին մարտի 25-ին գրավոր դիմում է ներկայացրել ԲԴԽ, ինչից անմիջապես հետո ԲԴԽ-ում կազմակերպվել է քննարկում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի մասնակցությամբ: Մարտի 26-ին ԲԴԽ-ն հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Դատախազությունը դիմումն ուղարկել է Քրեական ոստիկանություն, որտեղ առ այսօր ստուգողական գործողություններ են իրականացվում։ Նկատենք, որ ընդամենը ժամերի հարց է՝ պարզել ԱԱԾ պաշտոնյան մարտի 17-ին այցելել է վարչական դատարան, թե ոչ, եղել է դատավորի ընդունարանում, թե ոչ, սակայն ոստիկանությունը 10 օր շարունակ չի կարողանում դա պարզել։