
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքով: Այս մասին նա ասել է «Պոզներ» հաղորդման եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Նախկին նախագահը վերջերս բազմիցս ասել է, որ եթե ընտրություններ լինեն, ինքը կմասնակցի դրանց։ Սակայն մասնակցության ձևաչափը չէր պարզաբանել։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ ինքը 10 տարի եղել է պետության ղեկավար, բայց անկուսակցական է։
«Ընտրություններին կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով։ Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն», – նշել է նախկին նախագահը:
Քոչարյանը չի հստակեցրել, թե որ կուսակցություններն են ստեղծելու դաշինք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Հայկական մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ կուսակցություններից մեկը կարող է լինել ՀՅԴ-ն։