Ֆինանսական առումով հաջողակ մարդիկ որոշ բաներ այլ կերպ են անում։ Marketium.ru կայքը գրում է, որ նրանք սովորաբար դրական տրամադրվածություն են ունենում, պատասխանատվության զգացում, պատրաստ են կարճաժամկետ եկամուտը զոհել երկարաժամկետի համար։ Նրանք ձգտում են իրենց շրջապատել ոչ թե պարզապես դրական մարդկանցով, այլ այնպիսի անձանցով, ովքեր իրոք հավատում են աշխատանքի առավելություններին։ Խոսքն այն անձանց մասին է, ովքեր իրենց համառ աշխատանքով ոտքի են կանգնեցնում իրենց նախաձեռնությունը, ինչի արդյունքում՝ որպես պարգևատրում, ստանում են հաջողություն և գումար։ Ի՞նչն են նրանք այլ կերպ անում։
Ժամանակ չեն վատնում հեռուստացույց դիտելու վրա։ Եթե նույնիսկ նրանք հեռուստացույց են դիտում, ապա նախընտրում են միայն նորություններ և ծրագրեր, որոնք ինչ-որ կապ ունեն բիզնեսի հետ։ Նրանք պարզապես ժամանակ չունեն դրանով զբաղվելու համար. յուրաքանչյուր րոպեն հաշվարկված է։
Պատրաստ են զոհել ինչ-որ բան։ Սկզբնական շրջանում նրանք խնայում են՝ հետագայում հաջող ներդրում անելու համար։ Գիտեն, որ երբեմն անհրաժեշտ է քաղցած մնալ՝ ավելին ստանալու համար։ Որոշ հարուստ մարդիկ գումար չեն ծախսում թանկարժեք տների և մեքենաների վրա, ապրում են համեստ, սակայն շարունակում են զարգացնել բիզնեսը։
Բայց նրանք զոհեր չեն։ Նրանք երբեմն չեն բողոքում կյանքից, քանի որ հույսը դնում են իրենց աշխատանքի վրա։ Անհաջողությունների համար իրենք են պատասխանատու, պատասխանատվությունը չեն գցում մյուսների վրա։ Հաջողակ մարդիկ մշտապես վերլուծում են իրենց սխալները՝ ապագայում դրանք չկրկնելու համար։
Արագ մարում են պարտքերը։ Նախ՝ նրանք փորձում են պարտքեր չվերցնել բիզնես սկսելու համար, սակայն, եթե ստիպված են դա անել, բավական արագ ետ են վերադարձնում՝ տոկոսներից խուսափելու համար։ Նրանք կարողանում են խնայել և ճիշտ ներդրումներ կատարել։
Ուրիշներին չեն մեղադրում իրենց անհաջողությունների համար։ Հաջողակ մարդիկ գիտեն, որ իրենց սխալների համար պետք է անձամբ պատասխան տան։
Մանրամասն պլանավորում են ամեն ինչ։ Հաջողակ մարդիկ գիտեն՝ ինչպես է պետք ճիշտ պլանավորել ներդրումները՝ ավելի շատ եկամուտ ստանալու համար։
Առաջարկում են ապրանք և ծառայություններ։ Խոսքն այն մասին է, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ փորձում են ստեղծել բիզնես, որը պահանջված է։ Հենց դա թույլ է տալիս ավելի շատ եկամուտ ստանալ։
Հավատացած են, որ կրթությունը կարևոր է։ Հաջողակ մարդիկ կարծում են, որ պետք է սովորել ողջ կյանքի ընթացքում։ Նրանք շատ են կարդում, վերլուծում են։
Նվազագույնից ավելին են անում։ Նրանք ձգտում են առավելագույնի։ Նրանք վաղ են արթնանում, գնում աշխատանքի և երկար մնում այնտեղ, քանի որ ձգտում են որքան հնարավոր է՝ շատ բան անել։
Սիրում են իրենց աշխատանքը։ Ֆինանսական առումով հաջողակ մարդիկ սիրում են իրենց աշխատանքը, ցանկանում են ինչ-որ նոր բան անել։ Աշխատանքը նրանց համար հաճույք է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը