Պատերազմում կրած պարտության մեղավորը ՀՀ վարչապետն է․ կար բանակցային գործընթաց, որն իշխանությունը մտցրել է փակուղի․ Ռոբերտ Քոչարյան. tert.am
Advertisement 1000 x 90

Պատերազմում կրած պարտության մեղավորը ՀՀ վարչապետն է․ կար բանակցային գործընթաց, որն իշխանությունը մտցրել է փակուղի․ Ռոբերտ Քոչարյան. tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ով է մեղավոր Արցախում պատերազմի կրած պարտության համար, ասել է, որ դա անկասկած, Հայաստանի վարչապետն է, որն անձամբ պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել:

«Կարող եմ պարզաբանել: Մենք արդեն երկար տարիներ հակամարտության մեջ ենք Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Հակամարտությունը 88 թվականից է սկսել… Կար բանակցային գործընթաց, որը ինչ-որ լուծում էր ենթադրում: Վերջին տարիներին իշխանությունը բանակցային գործընթացը մտցրել է փակուղի, ի դեպ, փակուղին ստեղծվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը: Պատկերացումն այն մասին, որ մենք մտել ենք ռազմական հակամարտության հնարավոր վերականգնման շատ վտանգավոր գոտի, ուղղակի ակնհայտ էր»,- ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանը հավելել է, որ բանակցային գործընթացը կարող էր բերել «մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների փոխանակմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»:

«Գիտեք, կա նախկին ինքնավար մարզի տարածքը և այն տարածքը, որը մենք անվանում ենք ազատագրված, միջնորդները՝ զբաղեցրած 92-94 թվականների պատերազմի արդյունքում: Այն սկզբունքորեն ընդգրկված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում, սակայն միևնույն ժամանակ Սահմանադրությունը ենթադրում էր որոշակի հնարավորություն, այսպես ասած՝ այդ տարածքն ընկալվում էր որպես բուֆերային գոտի, դա անվտանգության իրական գոտի էր: Ենթադրվում էր, որ դա այն թեման է, որի շուրջ կարելի էր բանակցություններ վարել ԼՂ կարգավիճակի հարցի մասով»,– ասել է նա:

Մեկնաբանելով բանակցային գործընթացը փակուղի մտցնելու և տապալելու հանգամանքը՝ ՀՀ երկրորդ նախագահը շեշտել է, որ ՀՀ իշխանությունները դրան հասել են իրենց ներկայացրած պահանջներով և հայտարարություններով, ինչպես օրինակ՝ «առանց Ղարաբաղի ներկայացուցիչների, բանակցություններ չեն կարող լինել, «Արցախը Հայաստան է, և վերջ»:

tert.am