
Բրիտանական հայտնի ձայնագրման «Young Turks» (երիտթուրքեր) լեյբլն իր անվանումից հանել է «Turks» (թուրքեր) բառը, քանի որ այն ասոցացվում է Օսմանական կայսրությունում Հայոց ցեսպանության կազմակերպիչների՝ երիտթուրքերի հետ։ Տեղեկությունը հայտնում է լեյբլի հիմնադիր Կայուս Փոուսոնը Instagram-ի իր էջում։
«Մենք լեյբլը 2005-ին այդպես կոչեցինք Ռոդ Ստյուարտի 1981-ի «Երիտթուրքեր» հիթի անվան պատվին։ Երգում երիտթուրքերը ներկայացվում են որպես համարձակ երիտասարդության հավաքական կերպար` երիտասարդներ, որոնք կարողացան տապալել սուլթանական ռեժիմը։ Մենք հենց նման խենթ ու երիտասարդական լեյբլ էինք ուզում կյանքի կոչել։ Եվ, ցավոք, այն ժամանակ չգիտեինք պատմության մանրամասները», – գրել է Փոուսոնը։
Երաժիշտը հայտարարել է, որ ինքն ու լեյբլի մյուս մասնակիցները գիտակցել են, որ երիտթուրքերը շատ մարդկանց են մեծ ցավ պատճառել, և իրենց անվանմամբ նրանք անընդհատ հիշեցնում են այդ ցավի մասին և անարգում զոհերի հիշատակը։
«Մենք վստահ ենք, որ ճիշտ ենք արել` լեյբլի անվանումը փոխելով», – հայտարարել է լեյբլի հիմնադիրը։
Փոուսոնը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին ինքն ու իր լեյբլի այլ ներկայացուցիչներ նվիրատվություն են կատարել Լոնդոնի հայկական ինստիտուտին: