Քաղաքը լարված է…
Դրսում կատաղի ակտիվություն է… Մարդիկ լարված են։ Երթուղային տաքսու և «Ջիփ» մեքենայի վարորդները վիճում են։ «Ջիփի» վարորդը հայհոյում է մյուսին… Մյուսը տարեց մարդ է… Ուղևորների ներկայությամբ իրեն ուղղված եռահարկ հայհոյանքներից ճնշվում է… «Ջիփի» տերը բռունցքներն է գործի դնում։ Ոչ մի ոստիկան չկա, որ իրավիճակը կարգի բերի։ Ուղևորները վախենում են միջամտել… Բոլորը լարված են։ Քաղաքը կատաղի լարված է… Փողոցով քայլող հայ տղաներին նյարդայնացնում են զբոսաշրջիկների անկաշկանդ հողաթափերը… Զբոսաշրջիկներին նյարդայնացնում են հայ տղաների «քյարթու» հայացքները… Դրսում շոգ է, բայց անձրև է գալու… Անձրևը շոգին է ճնշում, շոգն՝ անձրևին։ Փողոցների հսկայական ստենդները գլխավերևից դինոզավրերի պես ուզում են քեզ ոտնատակ անել… Գովազդային վահանակներն ագրեսիա են քարոզում. ասում են՝ իմ զենքը… Ուրեմն՝ Նունեի ու Շուշոյի երգերով կարելի է թշնամի սպանել… Իսկ ընդհանրապես կարելի է ոչ ոքի չսպանել… Կարելի է թշնամուն սիրել… Իսկ ընդհանրապես Շուշոն ու Նունեն թող մայր դառնան ու երեխա պահեն, որ էլ զենք չքարոզեն… Քաղաքը լարված է… Անձրև է գալիս…
«Սա մեր Դավոն է Մուշեղյան»
«Stop» ակումբից լսվող երաժշտությունը «Ոստան հայոց» խմբինն է: Երաժշտության նոտաները մեր քաղաքի պես լարված չեն, կանչող են:
Քաղաքի փոշոտ թթվածնից հոգնած ու անարդարություններից զզված «ներվային» մարդկանց կողքին կան մարդկային զարմանալի տեսակներ, ովքեր, անկախ ամեն ինչից, լավատես են: Նրանք չեն դադարում երազել, որովհետև անգամ ցուրտ ու մութ տարիներին կարողանում էին իրենց ստեղծած խումբը` «Ոստան հայոցը» պահպանել: Նրանք մասնակցում են հասարակական-քաղաքական կյանքին, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունեն անհատական մոտեցում և չեն սիրում ընտրությունից ընտրություն պատվերով երգեր երգել: Չեն սիրում նաև զենք քարոզել: 1986թ.-ից գործող «Ոստան հայոցը» պատրաստվում է համերգի, տղաները փորձ են անում, նվագում են ինքնամոռաց: Հարվածային գործիքների վրա նվագում է Լյովիկը (Լևոն Հախվերդյան), կիթառին անխնա տանջում է ծովահենի կերպարանքով Արեգ Նազարյանը, վոկալը Հովհանինն է (Հովհաննես Կուրղինյան) ու… Ու պարզվում է՝ «Ոստանի» կիթառիստ Դավոն է (Դավիթ Մուշեղյան) եկել Երևան: Դավոն, որ 2000 թվականից ապրում էր Մոսկվայում, եկել է ու լիքը կարոտով կիթառ է նվագում: Նրա մեջ էնքան էնտուզիազմ կա, որ թվում է՝ կիթառն առած երկինք է բարձրացել:
Փորձից հետո հավաքվում ենք սեղանի շուրջ ու հարցազրույց չենք անում, զրուցում ենք: Նազարյան Արեգը գնում է, Հովհանը քաղցած է, սենդվիչ է ուտում, իսկ Դավոն ու Լյովիկը գարեջուր են խմում: Դավոյին նյարդայնացնում է հարցս, թե խմբի հետ ի՞նչ կատարվեց, 6 տարվա ընդմիջումն ինչո՞վ էր պայմանավորված: Իսկ Դավոյին չի կարելի նյարդայնացնել, որովհետև Դավոյին բոլորս կարոտել ենք… Հիշում են անցյալ տարվա միջոցառումները, որտեղ նշվել է «Ոստան հայոցի» 20-ամյակը: Հիշում են այս տարվա համերգները, որոնք փառահեղ հաջողություններ են ունեցել: Պատրաստվում են մի քանի համերգների, որտեղ կներկայացնեն 2 հին ալբոմներից ծաղկաքաղ արած լավագույն երգերը: Դավոն հիշում է «Ոստան հայոցի» ակտիվ գործունեության տարիները՝ 1988-1989 թվականները, երբ լուսահոգի Արթուր Մալխասյանի ստեղծած «Ռոք-ակումբում» ռոք երաժշտության մթնոլորտը խենթացնում էր: Հետո, երբ լույսերն անջատեցին, ռոքը մեռավ: Բայց մոմի լույսի տակ մեկ-մեկ նվագում էին: «2000թ. մայիսի 17-ին «Ոստան հայոցը» մեկնեց Մոսկվա՝ ակումբային ֆորմատի ռոք փառատոնին մասնակցելու: Մայիսի 23-ին ելույթ ունեցանք, ու դա վերջին ելույթը եղավ մինչև 2006թ. հոկտեմբերը: Դա պայմանավորված էր նրանով, որ բոլորս հոգնել էինք երաժշտությունից, ակտիվ նվագելուց ու մի քիչ էլ իրարից»,- պատմում է Դավոն ու իր անկեղծության վրա ծիծաղում է: Մոսկվայի համերգից հետո Դավոն մնաց այնտեղ, իսկ մյուս տղաները վերադարձան: Արեգը սկսեց ակտիվ մասնակցել «Կիլիկիա» նավի ստեղծմանը և մեկնեց նավարկության: Արեգը 3 տարի նավարկել է, իսկ Հովհանն ու Լյովը շարունակել են երաժշտությամբ զբաղվել: Ինչևէ, «Ոստան հայոցի» կազմը պառակտված չէ, սա այն կազմն է, որը ստեղծվել է 1995-ից: Հովհանն ուրախ է, որ «Ոստան հայոցը» երբեք էլ դժբախտ սիրո մասին չի երգել, երգել է սկզբունքային ու կոնկրետ հարցեր բարձրացնող տեքստերով երգեր: «Ի սկզբանե, էթնո մոտիվներ օգտագործելուց հետո էլ մեր տեքստերը մարսվել են: Երաժշտությունն ուղղված է կոնկրետ մարդկանց, զանգվածների: Ժամանակ առ ժամանակ ալբոմներ, սինգլներ են թողարկվել, որոնք արտադրանք են հանդիսանում ու մնացել են,- պատմում է Հովհանը, ով երաժշտությունից բացի՝ զբաղվում է նաև ակտիվ քաղաքականությամբ: -Ուզում ենք «Ոստան հայոց» բրենդն աշխատի, որովհետև խմբի «բագաժը» լավն է ու պոտենցիալը սպառված չէ: «Ոստան հայոց» խումբն, ինչպես միշտ, խոսելու է սուր հարցերի շուրջ: Օրինակ՝ «Զարթնիր, որդյակ» ալբոմն ազգային-ազատագրական մոտիվներով է, իսկ երկրորդ ալբոմը մարդ-հասարակություն փոխհարաբերությունների վերաբերյալ է»: Դավոն սկսում է կատակել, ասում է՝ «Հիմա արդեն խոսելու ենք կարողանալ-չկարողանալու մասին: Մեծանում ենք՝ իմպոտենցիա, սեռական անկարողություն (երգում է՝ չեմ կարող, չեմ կարող.- Լ. Ս.)»։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա «Ոստան հայոց» խմբի նոր երգերը լինելու են սոցիալական, այլասերվածության, «հաբռգածության», հոգևոր անապատացման և այլ թեմաներով:
Էստեղ բոլորը «Ոստան հայոցին» ճանաչում էին, իսկ ես առանց փող էի ման գալիս: Դա անարդար էր…
Խումբը կգործի, իսկ Դավոն դեռ չի որոշել` կմնա՞, թե՞ կգնա: Ասում է՝ «Ես ասում եմ՝ տղե՛րք, ուրիշ կիթառիստ վերցրեք, ես չեմ նեղանա»: Դավոյին հարցնում եմ՝ «Որոշումդ ինչի՞ց է կախված»: Պատասխանում է՝ «Ա՛յ, դա ժուռնալի համար չի, երկար պատմություն ա: Էն օրը տղերքի հետ խոսակցություն ունեցանք, ասեցի՝ տղե՛րք, եթե ուզում եք պարզեք՝ ես երբևիցե գալո՞ւ եմ, թե՞ չէ, պետք ա պարզել էն հարցը, թե ինչի՞ ես գնացի ու մնացի Մոսկվայում»: Հարցնում եմ՝ «Ինչի՞ գնացիր ու մնացիր Մոսկվայում»: Ծիծաղելով ասում է՝ «Չէ, էդ շատ երկար պատմություն ա, քեզ մի 60 էջ պետք ա, որ գրես դրա մասին: Ա՛յ, եթե ձեր ժուռնալի հավելված տպեք, թե ինչի՞ Դավոն գնաց Մոսկվա՝ կպատմեմ»: Հետո, այնուամենայնիվ, թեթևակի պատմում է իր հիասթափությունների մասին։ Պատմում է, թե նվագելով ինչքան կարելի է տեղում դոփել ու առաջ չշարժվել: «Մոսկվայում փառատոնին մասնակցելուց հետո հասկացա, որ էնտեղ շատ ավելի հետաքրքիր է, քան Երևանում: Հովհանը չկարողացավ մեզ հետ Մոսկվա գալ: Ուզում էինք մնալ էնտեղ, բայց Լևոնն ասաց՝ չէ, տղերք, ես ամուսնացած եմ, պիտի կնոջս մոտ գնամ: Ես ու Արեգը նայեցինք իրար ու հասկացանք, որ խմբով առաջ գնալը մի բան է, իսկ երկուսով մնալը նշանակում է՝ օտար քաղաքում զրոյից սկսել: Արեգն էլ որոշեց վերադառնալ, բայց քանի որ առաջ գնալու իմ կոտոշ «մոմենտները» գործի էի դրել, որոշեցի մնալ»,- պատմում է Դավիթը: Մնալուց հետո էլ հասկացել է, որ նվագելով չի կարող տուն վարձել և ապահովել կենցաղային տարրական պայմանները: Դրա համար էլ հիշել է իր հին մասնագիտությունն ու անցել է գործի: Դավոն մասնագիտությամբ մեքենաշինարար է և Մոսկվայում աշխատում է որպես գնացքների և մետրոյի վագոնների մեքենաշինարար: Մի ժամանակ Մոսկվայում գործող մի հիմար խմբում նվագում էր, որ նվագելը չմոռանա, բայց հետո թողել է, որովհետև հոգնում էր: «Էստեղ մենք աշխատում էինք, հանդիսատես, երկրպագու, անուն ունեինք, բայց երեկոյան ես գալիս էի տուն ու գիտակցում էի, որ էդ աշխատած փողով չեմ կարող ընտանիք կազմել: Մոսկվայում էլ փող ես աշխատում, բայց ոչ ոքի պետք չես: Էստեղ բոլորը «Ոստան հայոցին» ճանաչում էին, իսկ ես առանց փող էի ման գալիս: Դա անարդար էր»: Դավոն խոստովանում է, որ Մոսկվա քաղաքից հոգնել է, բայց կանխազգում է, որ Երևանում մի քիչ ապրելուց հետո նորից ոռնալով Մոսկվան է ուզելու: Ամեն դեպքում չի ափսոսում, որ հեռացել է Հայաստանից, որովհետև դրան պատրաստ է եղել:
Հովհանը չդարձավ պատգամավոր, որովհետև այդպես էր նախախնամված
«Ոստան հայոցի» Հովհանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն էր առաջադրել ու ձախողվել էր: Հարցնում եմ՝ «Ծրագիր ունեի՞ր, ինչի՞դ է պետք քաղաքական դաշտ մուտք գործելը»: Պատասխանում է՝ «Քաղաքականության մեջ խառնված ենք եղել դեռ վաղուց: 1988-1989-ից մենք քաղաքականության մեջ ենք: Բացի դրանից, քանի որ մեր ընկերներն Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ անկախության բանակի մեջ էին, մենք էլ էինք շարժման մեջ: Ստադիոնում մեր ամբողջ ապարատուրայի արկղերով զենք ենք տարել, էդ պատմությունների մեջ կայինք: Հետո ստեղծվեց Հանրապետական կուսակցությունը, և ես ու Արեգն այդ կանոնադրության մեջ հեղինակել ենք լեզու և մշակույթ կոչվածը: Աշոտի մահից հետո արդեն հետաքրքիր չէր, ոչ թե գաղափարախոսությունն, այլ մարդիկ… ու հեռացանք»: Հովհանը ներկայումս քաղաքական դաշտում փորձում է քրիստոնեական սկզբունքներով աշխատել, և նրա համախոհները հոգևոր դաշտից են: Հասկանալով, որ հաղթանակի տարբերակ չկա, որովհետև աջ ու ձախ փողեր են բաժանվում, այդուհանդերձ, նա առաջադրվել և հավաքել է ընդամենը 4000 ձայն: «Ցանկացած նոր կուսակցություն ընտրությունները չպետք է բաց թողնի, դա ռեյտինգ ձեռք բերելու միջոց է՝ եթեր, հարցազրույց, խոսելու հնարավորություն: Ամեն ինչ քաղաքականացված է ու, եթե քրիստոնեական սկզբունքները քարոզելու համար քաղաքականությունը չես օգտագործում՝ հետ ես մնում»: Ասում է, որ իրենք դեմ են ներկայիս իրավիճակին, երբ գաղափարախոսությունը բացակայում է. «Չկա գաղափարախոսություն, կան «սուտի» թերթիկներ, լոզունգներ և այլն: Խնդիրը հասել է բարոյալքմանը, ցանկացած մարդ պատրաստ է վաճառել, վաճառվել, իսկ դրա դեմն առնելու համար պետք է ավելի խորը տեղից գործել: Մարդը մեղքի հասկացողությունը չի զգում: Եվ հետո ընտրություններում չհաղթելը չեմ համարում անհաջողություն, որովհետև մեր ծախսերը 10.000 կամ 50.000 անգամ ավելի փոքր էին, ասենք, «Բարգավաճ Հայաստանի» ծախսերից, բայց մեր ձայները կոնկրետ մեր ձայներն էին: Մեզ ընտրած մարդիկ մե՛զ են ձայն տվել, ոչ թե փողի, ծանոթի, ապագա գործարքների համար: Դրանք մաքուր, ազնիվ ձայներ էին: Ընտրարշավի համար ծախսել ենք ընդամենը 170.000 դրամ»: Ինչևէ, նախագահական ընտրություններին Հովհանն իր թիմակիցների հետ կմասնակցի, սակայն թեկնածու չեն առաջադրի: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելը նրա համար լուրջ փորձաքար է եղել հասկանալու համար, որ օրենքները սկսել են գործել: Հովհանն ասում է, որ ինքը հավատացյալ է և քաղաքական մանևրների մեջ չի պատրաստվում ներգրավվել: «Նաև հավատում եմ նախախնամությանը, դրա համար էլ չընտրվելուց «լոմկա» չունեմ. էն, ինչը պիտի լինի՝ կլինի: Եթե նույնիսկ արդյունքներն իմ մարդկային մտքի համար լավը չեն՝ դա էլ է բարի: Հայաստանում կար հսկայական զանգված, որն ընդհանրապես չէր մասնակցում ընտրություններին ու մտածում էր, որ էդ ամենը սատանայություն, խաբեություն է: Մենք էդ մարդկանց ասացինք, որ էդպես չի, եկան, իրենց ձայներին տեր կանգնեցին ու որոշակի առումով զարթնեցին: Դա էլ էր առաքելություն: Ես հավատում եմ, որ հաջորդ ընտրություններին շատ ավելի լուրջ մասնակցություն ենք ունենալու»,- ասում է Հովհանը՝ վստահեցնելով, որ մեր հասարակության ծանրակշիռ մասը պատրաստ է փողի համար անել ամեն ինչ: «Կոնտինգենտ կա, որի համար կյանքի ճիշտը գողանալը, սպանելը, հանցագործություն կատարելն է: Համամարդկային խնդիր է, մարդկությունը հաստատուն քայլերով գնում է դեպի քայքայում, դեգրադացիա, այլասերում: Ինձ համար զարմանալին այն է, որ հայ ազգը, լինելով «քացու տակ», կարողացել է որոշակի արժեքներ պահպանել, բայց հենց էդ քացին իր վրայից հանեցին՝ շատ արագ սովորեց ամենավատը: Օրինակ՝ հայ աղջիկների մեծ մասը պատրաստ է մարմնավաճառության, հոգեբանորեն պատրաստ է տղամարդու հետ հարաբերվել շահադիտական նպատակով»: Թեև ներկայումս Հովհանը փորձում է խոսել ճշմարտության մասին, այդուհանդերձ՝ «Ինձ մի քանի անգամ եթեր են հրավիրել, էն էլ՝ իմ ընկերները: Ես խոսել եմ հոգևոր թեմայից, բայց իրենց քաշել եմ, որովհետև իրենց վրա խոսակցություն է եկել: Դուք էլ որ գրեք, կարող է ասեն՝ երաժշտության մասին հարցնեիր, ոչ թե հոգևորի, և այլն»: Ասում եմ՝ «Չէ՛, չեն խոսի, շատ-շատ ձեզ «աղանդավոր» կասեն»: «Դե՛, դա հեչ, կերված բան է: Եթե էնպիսի մարդ է ասում, որին հնարավոր է ինչ-որ բան բացատրել, փորձում եմ բացատրել։ Իմ ընկերներն էլ են մեկ-մեկ էդպիսի բաներ ասում, սեկտանտ են ասում, բայց ի՞նչ բացատրես մի մարդու, եթե էդ բառի իմաստը նույնիսկ չի հասկանում»: Դավիթը՝ որպես «Ոստան հայոցի» անդամ, խնդրում է իր անունը հանկարծ չկապել աղանդների հետ, որովհետև խմբի մյուս տղաները Հովհանի հոգևոր մոտեցումները չեն կիսում: Ասում է՝ «Իմ անունը չկապեք սեկտայի հետ, ոչ թե նրա համար, որ ես վատ կամ լավ եմ վերաբերվում դրան, այլ՝ որովհետև ընդհանրապես չեմ վերաբերվում դրան: Հանկարծ թյուրիմացություն չլինի»:
Պատգամավորի անունը Նապոլեոն չպիտի լինի
Դավոն նեղսրտում է, որ մեր պատգամավորական թեկնածուներից մեկի անունը Նապոլեոն է եղել ու միայն անվան պատճառով Դավոն Նապոլեոնին չէր ընտրի: Եթե նա ուզում է պատգամավոր դառնալ, ուրեմն՝ թող անունը փոխի: «Եթե իմ ներկայացուցիչը պառլամենտում Նապոլեոնն է, ուրեմն՝ ես չեմ ուզում Նապոլեոնին: Լուրջ խնդիր է, որ իր պապան ու մաման իր անունը Նապոլեոն են դրել: Դա է խնդիրը, որ մեր ժողովուրդն իրենց երեխեքի անունը Նապոլեոն են դնում»,- ասում է Դավոն։ Նա մի բանից էլ է նեղվում, երբ ասում են՝ Երևանն իմ քաղաքն է: Լյովը նույնպես չի ընդունում Երևանը սեփականաշնորհողներին, որովհետև՝ «Երբեք չես տեսնի, որ Նյու Յորքի բնակիչն ասի՝ Նյու Յորքն իմ քաղաքն է: Դա փոքր քաղաքների, ազգերի ցավն է, կոմպլեքսը: Հախվերդյան Ռուբենը դեռ սովետական տարիներին քաղաքային ֆոլկլոր ի հայտ բերեց ու սկսեց նման արտահայտություններ անել»: Դավոն համարում է, որ, ընդհանրապես, լավ երաժշտությունն ու լավ ֆուտբոլը հարուստ երկրների արգասիք են: Աղքատ երկրում չի կարող որակյալ ֆուտբոլ լինել, որովհետև դպրոց չկա: Ի տարբերություն երաժշտության, ֆուտբոլում հայտնվում են օլիգարխներ, ովքեր փող են դնում և պահանջում են մարդուց որակյալ սպորտսմեն ստանալ: «Ընտրությունների ժամանակ ինչ է Քոչարյանն ասաց, որ ջազ է սիրում՝ բոլորը սկսեցին կաֆեներում ջազ դնել: Եթե հիմա Քոչարյանը որոշի ու ասի՝ չէ՛, տղերք, ես ռոք եմ սիրում, բոլորը ռոք կլսեն ու կնվագեն»,- կարծում է Դավիթը: Լևոնը հետաքրքիր վերլուծություններ է անում երաժշտական շուկայի մասին, իր կարծիքն է հայտնում, թե ինչո՞ւ են, ասենք, «Շիկերի» երեք «ծտերի» վրա փող դնում, իսկ որակյալ երաժշտության համար փող չեն դնում: Լյովը հետաքրքիր է մտածում, բայց նրա վերլուծությունները կներկայացնենք մի ուրիշ անգամ, դա առանձին թեմա է:
«Ոստան հայոց» խմբի տղաները կրկին հավաքվել են, իսկ դա նշանակում է, որ ռոքի «պապաներն» ասելիք ունեն, չնայած 1988-ի մասին նրանց երգը երգելիս՝ Հովհանը միշտ «մանթո» է ընկնում, որովհետև` «88-ից շատ ժամանակ է անցել, բայց իրականում ոչինչ չի փոխվել, 88-ը շարունակվում է»:
Լուսինե Ստեփանյան
«3 Միլիոն»