Ինչո՞ւ պատերազմում խայտառակ պարտությունից եւ շուրջ 5000 հայ զինվորների մահից հետո, հրաժարական չեք տալիս. Արամ Խաչատրյանի 7 հարցերը Փաշինյանին. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ պատերազմում խայտառակ պարտությունից եւ շուրջ 5000 հայ զինվորների մահից հետո, հրաժարական չեք տալիս. Արամ Խաչատրյանի 7 հարցերը Փաշինյանին. aravot.am

«Ինչո՞ւ պատերազմում խայտառակ պարտությունից եւ շուրջ 5000 հայ զինվորների մահից հետո Փաշինյանը հրաժարական չի տալիս»,-սա 7 հարցերից մեկն է, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղում է russia-armenia.info կայքի գլխավոր խմբագիր, Մոսկվայի ժուռնալիստների միության անդամ Արամ Խաչատրյանը: Նրան չեն հրավիրել Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել են «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամ իրավաբանները եւ հայ համայնքի այլ ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություն եղավ, որ ռուսահայ շատ գործիչներ, հատկապես գործարարները հրաժարվել էին մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը եւ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» պատասխանատուներն են ներկաներ ապահովել, իսկ Նիկոլ Փաշինյանին ուղղվելիք հարցերն էլ նախապես մշակվել եւ տրվել են մասնակիցներին:

Արամ Խաչատրյանն այսօր «Երկրամաս» տեղեկատվական կենտրոնին ասել է, որ իրեն չեն հրավիրել Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես չեն հրավիրվել Ռուսաստանում հայտնի այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նրա կարծիքով, դա արվել է միտումնավոր՝ հաշվի առնելով ռուսաստանաբնակ հայերի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Այդուհանդերձ, եթե հրավերը ստանար, Արամ Խաչատրյանը յոթ հարց ուներ Փաշինյանին: Բացի առաջին հարցից, Արամ Խաչատրյանը նաեւ պիտի հարցներ՝ ինչո՞ւ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի 44 օրվա ընթացքում մեզ խաբում էիք, որ մենք հաղթում ենք: Պարոն Խաչատրյանի՝ Փաշինյանին հրապարակային ուղղած մնացած հարցերը՝ ստորեւ

3. Ինչո՞ւ այդպես դավաճանեցիք Արցախը, դավադրաբար հանձնեցիք Շուշին եւ Հադրութը, եւ այժմ ցանկանում եք դավաճանորեն փակել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը ՝ մոռացության տալով անմեղ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը:

4. Ինչո՞ւ պատերազմի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ամբողջ ներուժը ներգրավված չէր:

5. Ինչո՞ւ հայկական սփյուռքի ֆինանսական օգնությունն ու մարդասիրական աջակցությունը եւ, մասնավորապես իմ, հասցեատերերին չհասան, եւ ինչո՞ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցները չօգտագործվեցին իրենց բուն նպատակների համար, այլ օգտագործվեցին կառավարության կողմից՝ սեփական խնդիրները լուծելու համար:

6. Ինչո՞ւ են Հայաստանի կառավարության նախարարները խուսափում Ռուսաստանի հայկական սփյուռքի հետ հանդիպումներից: Խոսքը, մասնավորապես, Զարեհ Սինանյանի՝ Ռուսաստան կատարած վերջին գործուղման մասին է:

7. Ինչո՞ւ դուք, որպես պետության ղեկավար, պատշաճ կերպով չեք արձագանքում ռազմական հանցագործ Իլհամ Ալիեւի սադրիչ հայտարարություններին` նախնյաց հայկական հողերը՝ Զանգեզուրը, Սեւանի ավազանը եւ Երեւանը Ադրբեջանին ենթադրյալ պատկանելու մասին:

aravot.am