Սրա հետ ընտրությունների գնալն անլրջություն է. hraparak.am
Advertisement 1000 x 90

Սրա հետ ընտրությունների գնալն անլրջություն է. hraparak.am

Մինչ քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավ են իրականացնում, Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունում դեռ կասկածում են, որ ընտրություններ կլինեն։ Երեկ զրուցեցինք Վահրամ Բաղդասարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ գիտեն իրենք, որ մյուսները չգիտեն։

– Պարոն Բաղդասարյան, Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում ասաց, որ երկու կուսակցության դաշինք կգլխավորի եւ կմասնակցի ընտրություններին։ Հնարավո՞ր է, որ դրանցից մեկը ՀՀԿ-ն լինի։

– Մեզ մոտ դեռ նման քննարկում չի եղել, իսկ Ձեր հարցին ավելի ճիշտ կլինի պատասխանի պարոն Քոչարյանը։

– Իսկ դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք, թե՞ բացառված է ձեր միասնությունը։

– Մենք ընդհանրապես նման քննարկումներ չենք անում, որովհետեւ որեւէ հիմք չունենք։ Երբ կլինի հրաժարական, ԿԸՀ որոշում, որ ընտրություններ են լինելու, մենք կարձագանքենք այդ իրողություններին, իսկ այսօր թերահավատ ենք ընտրությունների մասին հայտարարություններին, որովհետեւ նրա որեւէ խոսքին չենք հավատում։

– Ձեր գործընկերները, մինչդեռ, նախընտրական եռուզեռի մեջ են, տեսնում եք՝ մոսկովյան այցեր են իրականացնում, դաշինքների մասին են խոսում։

– Հանրապետականը չի շտապում։

– Իսկ գուցե ՀՀԿ-ն մի բան գիտի, որ մյուսները չգիտե՞ն։

– Ոչ, մենք մեր սկզբունքների մասին հայտարարել ենք եւ պահում ենք մեր սկզբունքները։

– Եթե, ամեն դեպքում, ընտրությունների օր նշանակվի, ձեր մասնակցությունն անխուսափելի՞ է լինելու, քանի որ Սերժ Սարգսյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ որեւէ պարագայում չի լքելու քաղաքական խրամատը։

– Մենք «եթե»-ներով չենք առաջնորդվում։ Բնականաբար, մենք չենք կարող անտարբեր մնալ այս գործընթացներին, կան պայքարի տարբեր ձեւեր, եւ մենք դրա մասին հայտարարություն կանենք ավելի ուշ։

– Իսկ ընտրությունները դիտարկո՞ւմ եք որպես պայքարի ձեւ։

– Չմանրամասնենք։

– Բայց դա կարեւոր է։

– Մենք նման քննարկում չենք ունեցել։ Ես կրկնում եմ՝ մենք կասկածում ենք այդ ընտրությունների  վրա, երբ կորոշվի ընտրությունների օրը, մենք կհավաքվենք եւ գործադիր մարմնում, ապա խորհրդի նիստում կկայացնենք որոշում, առանձին անհատներ որոշում չեն կայացնի։

– Ձեր կարծիքով, ճիշտը դաշինքո՞վ, թե՞ միայնակ մասնակցությունն է, ասում են՝ որեւէ դեպքում չպետք է փոշիացնել ընդդիմության ձայները եւ պետք է մեծ դաշինքով մասնակցել՝ ընդդեմ իշխանության։

– Եթե իմ տեսակետն եք ուզում իմանալ՝ սրա հետ ընտրությունների գնալն անլրջություն է։

– Եթե ընտրությունների գնալն անլրջություն է, ինչո՞ւ եք պասիվացրել փողոցը։

– Թողնենք ապագային։

– Ո՞ր ապագային՝ մո՞տ, թե՞ հեռավոր, ու լինելո՞ւ են հանրահավաքներ։

– Հանրահավաքները չեն դադարել, Հայրենիքի փրկության շարժումը մարզեր է մեկնում, որի կազմում են նաեւ ՀՀԿ-ականներ։

hraparak.am



Նման նյութեր