ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Դեթրոյթ քաղաքի փողոցներից մեկն այսուհետև կկրի հայտնի երաժիշտ Սթիվի Ուանդերի անունը: Վերանվանման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին: Այդ մասին հայտնել է The Associated Press (АР) գործակալությունը:
AP-ի տվյալներով՝ հանդիսություններին մասնակցել է մինչև 500 մարդ: Նրանց թվում էին Ուանդերն ինքը, Դեթրոյթի քաղաքագլուխ Մայք Դագանը և Միչիգանի նահանգից կոնգրեսական Ջոն Քոնիերսը: Երաժիշտը շնորհակալական խոսք է ասել քաղաքացիներին, ինչից հետո մանկական երգչախումբը կատարել է նրա մի քանի հիթեր:
Նախկին Միլուոքի ավենյուն այսուհետև կոչվում է Սթիվի Ուանդեր ավենյու: Հենց այս փողոցում են անցել երգչի մանկության տարիները. Ուանդերի ընտանիքն այստեղ է տեղափոխվել, երբ տղան չորս տարեկան էր: