«Կոնստանտ» խմբագրական. ումի՞ց ուզել գերիներին
Advertisement 1000 x 90

«Կոնստանտ» խմբագրական. ումի՞ց ուզել գերիներին

Գերիների հարցը վերջնականապես վեր է ածվել աբսուրդի թատրոնի, մարդկանց համբերության բաժակն էլ լցվում է։ Դա փաստ է։ Փաստ է նաև այն, որ այդ բաժակը փորձում են որպես գործիք օգտագործել տարբեր ճամբարներ՝ ամենքն իր շահերի համար. նիկոլականներն ասում են՝ մեղավորը նախկիններն են, նախկիններն ասում են, որ մեղավորը Նիկոլենք են, սորոսականներն ասում են՝ մեղավորը ռուսներն են, ռուսներն ասում են… եկեք ձեզ «Սպուտնիկ Վ» տանք։

Այս խառնաշփոթի մեջ էլ գերիների խեղճուկրակ ծնողներն ու հարազատներն արդեն չգիտեն, թե էլ որ պատին իրենց տան, բայց դա էլ անում են հնարավորինս անարդյունավետ, սխալ շեշտադրումներով ու սխալ հասցեատերերով։ Օրինակ՝ բացարձակ չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի գնալ որդիների ծառայության զորամասեր կամ էլ ՊՆ։ Մի՞թե տվյալ զորամասի հրամանատարն է իր կամայականությամբ ռազմի դաշտ տարել իրենց որդիներին։ Մի՞թե ՊՆ-ն կամ էլ ԳՇ-ն են ստորագրել եռակողմ համաձայնագիրը, ու մի՞թե նրանք են քաղաքական պատասխանատվություն կրողները։

Չէ, ինձ ճիշտ հասկացեք, իմ խորին համոզմամբ՝ ՊՆ-ն ու ԳՇ-ն իրենց այս տեսակով ու որակով պետք է ամբողջովին վերանայվեն ու ռեստրուկտուրիզացվեն, առհասարակ, մենք արմատական ռեֆորմի պետք է ենթարկենք մեր բանակը, բայց դա այլ թեմա է, իսկ մենք խոսում ենք գերիներից։

Գերիների հարցի գլխավոր հասցեատերերն են հայրենի իշխանություններն ու այն կողմերը, որոնք ստորագրել են տխրահռչակ եռակողմ համաձայնագրի ներքո։ Եթե չկա ռազմական գործողության պլան, որով Բաքուն պետք է գրոհենք ու զնդաններից գերիներին ազատենք, իսկ այդպիսի պլան գոյություն չունի, ապա հարցի լուծումը միայն քաղաքական է։ Ըստ այդմ, բացարձակ հասկանալի չէ այդքան հաճախ հնչող «մի՛ քաղաքականացրեք գերիների հարցը» կոչը, որը, ասես, մանտրա են դարձրել հատկապես գերիների հարազատները։

Հարգելինե՛րս, ՊՆ-ն ու ճանապարհները փակելով դուք արդեն իսկ քաղաքական ակցիա եք անում, անգամ եթե չեք գիտակցում դա։ Դուք չեք գիտակցում, իսկ գիտակցողը գիտակցում է ու փորձում օգտագործել իր շահերի համար։ Ալիևը փորձում է, օրինակ, Կարմիր Շուկան ու Մեղրին ստանալ, Նիկոլը փորձում է, օրինակ, վերջնականապես կազմալուծել բանակը և էլ ավելի վարկաբեկել Ռուսաստանին, որպեսզի վաղն էլ ասի, որ ռուսներն ախմախ դաշնակից դուրս եկան, եկեք թուրքերի հետ քիրվայություն անենք, որովհետև իրենք մեր գերիներին կկարողանան բերել (ու կկարողանան), ռուսներն էլ… Դե, ռուսներն էլ կլոր աչքեր են անում, ասես իրենք չեն եռակողմ համաձայնագրի տեքստի հեղինակն ու երաշխավորը, ասես իրենք չեն հասկանում, որ այդ համաձայնագիրը չի կատարվում, ու իրենք ոչինչ չեն կարողանում անել դրա հետ, բայց, միևնույն է, պնդում են, որ հանկարծ ու հանկարծ չփորձենք վիճարկել ու այդ համաձայնագրի դրույթների վերանայման մասին անգամ զկրտալ։ Փոխարենն ասում են՝ կուզե՞ս՝ երթամ քեզի համար խնձոր/Սպուտնիկ V/«նիսյայով» Հադրութ բերեմ։

Եվ ուրեմն՝ ումի՞ց ուզենք մեր գերիներին։

Ալիևից չեք կարող, որովհետև, բացի նրանից, որ ինքը թշնամի է, ինքը ձեզ ոչինչ չի խոստացել, ձեր առջև ոչ մի պատասխանատվություն չի ստանձնել, ձեզ ոչինչ պարտք չէ, ոչ էլ ձեր կողմից է ընտրվել։

Պուտինից էլ ուզել չեք կարող, որովհետև ինքը թեև թշնամի չէ, բայց կրկին ինքը ձեզ ոչինչ չի խոստացել, ձեր առջև ոչ մի պատասխանատվություն չի ստանձնել, ձեզ ոչինչ պարտք չէ, ոչ էլ ձեր կողմից է ընտրվել։

Կարող եք ուզել մենակ հայրենի իշխանություններից ու մասնավորապես՝ քաղաքական վերնախավից, իսկ եթե իրենց չեն կարողանում ու, առավել ևս, չեն ուզում տալ ձեզ այն, ինչ ուզում եք, ապա պետք է անեք այնպես, որ լինի այլ իշխանություն ու այլ վերնախավ, որը կլուծի ձեր հարցը։ Ցանկացած պարագայում Նիկոլը դա չի անելու, և սրանում կարող եք վստահ լինել։



Նման նյութեր