Կառավարությունը չի կարող պատկերացնել՝ այնտեղ ինչ օրեր են տեսնում մեր երեխեքը, բայց մենք՝ ծնողներս, զգում ենք ու հասկանում, թե ինչ կարող է կատարվել մեր երեխաների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը:
«Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը անձամբ բոլորիս ընդունի, ոչ թե իր օգնականները, մենք պետք է կոնկրետ հասկանանք՝ ինչ է կատարվում և ինչ փոփոխությունների մասին է խոսքը, այսօր մենք 800-ից ավելի գերի երեխա ունենք: Մեր տղաները այնտեղ են, ու կառավարությունը չի պատկերացնում՝ երեխեքը այնտեղ ամեն օր ինչերի միջով են անցնում, այսօր ծնողներն են միայն պատկերացնում ու հասկանում, այդ իսկ պատճառով մենք բոլորս պահանջում ենք , որ մեզ բացատրություն տան՝ ովքեր են այնտեղ, ում երեխեքն են»,- ասաց ակցիա իրականացնող քաղաքացին:
Կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք հանդիպում են պահանջում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ և ընդգծում՝ պահանջում են անհայտ կորածների և գերիների անունները:
«Այս բոլոր ծնողները վշտի մեջ են, ո՛չ քուն ունեն, ո՛չ դադար, մղձավանջում են ապրում, մենք պետք է գոնե հասկանանք, թե ովքեր են զբաղվում գերիների և անհայտ կորածների հարցերով, գնում ենք ՊՆ, այնտեղից ուղարկում են ԱԱԾ, հետո Կառավարություն և այլն: Թող մեզ ասեն երեխեքի անունները»,- նշեց նա:
Քաղաքացին նշեց՝ կառավարությունը մեկ րոպե պետք է հանգիստ չունենա մինչև անհայտ կորածներին չգտնի, իսկ գերիներին՝ չվերադարձնի:
«Մի վայրկյան շուտ երեխեքին պիտի բերեն, չբերեն, մի օր առաջ երեխեքի պոչկեքը կհանեն ու կծախեն, մարմինն էլ կգցեն ու կասեն՝ եկեք, տարեք, դրա համար չպետք է թողնենք կառավարությունը մեկ վայրկյան քնի, մենք պետք է դառնանք նրանց գիշերվա սարսափը: Այլևս չափ ու սահման չկա»,- ասաց նա: