Տղամարդավարի կանգնի, ասա՝ Սյունիքը չես հանձնելու, եթե չկա նման բան. Պետրոսյանը՝ Փաշինյանին. yerkir.am
Advertisement 1000 x 90

Տղամարդավարի կանգնի, ասա՝ Սյունիքը չես հանձնելու, եթե չկա նման բան. Պետրոսյանը՝ Փաշինյանին. yerkir.am

Փաշինյանը մատնված է անհաջողության: Մի քանի մարզեր այցելություններից հետո հասկացավ, որ ժողովրդական վստահություն բացարձակապես չունի, եթե վարչական ռեսուրսն էլ հանես՝ զրո է․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Պետրոսյանը, հաշվի առնելով Փաշինյանի ստերը, նշեց՝ թերահավատորեն է մոտենում հրաժարական տալու՝ նրա խոստումներին: Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է իր գործած մեղքերը՝ թե՛ բարոյական իմաստով, թե՛ իրավական, եւ գիտակցում, որ, երբ այլեւս  չունենա վարչական լծակներ, զբաղեցնելու է այն տեղը, որը նախատեսված է հանցագործություն կատարած անձանց համար:

«Նա մատնված է անհաջողության: Մի քանի մարզեր այցելություններից հետո հասկացավ, որ բացարձակապես չունի ժողովրդական վստահություն, եթե վարչական ռեսուրսն էլ հանես՝ զրո է: Նա հարգանք չունի, առ այսօր չի պատասխանում հարցին՝ Սյունիքը հանձնելո՞ւ է, թե՞ ոչ: Բա դու վարչապետ ես կոչվում, ամենուր շրջանառվում են էդ լուրերը, եթե, իրոք, չես հանձնում, տղամարդ ես համարվում, տղամարդավարի կանգնի ասա՝ նման բան չկա, Սյունիքը չես հանձնելու: Որտեղ պետք է վճռականություն, թաքնվում  է, որտեղ իրադրությունը հանդարտվում է, լայվերով սկսում է սեփական ժողովրդին սպառնալ: Նման խեղկատակ վարքագծի տեր վարչապետը ուղղակի խայտառակություն է: Էնքան ա ապրել ստերով, ուրիշ կերպ չի կարողանում ապրի: Պատվաստանյութի վերաբերյալ Պուտինի հարցին, թե արդո՞ք Հայաստանում գրանցված ա, առանց իմանալու ասում ա՝ այո, մինչդեռ պարզվում է՝ գրանցված չի: Ստի մեջ ծնված, ստով ապրող անձնավորություն է Նիկոլ Փաշինյանը, դրա համար եմ ես կասկածի տակ առնում արտահերթ ընտրությունների մասին՝ իր խոստումը: Շատ լավ հասկանում է, որ եթե ընտրություններն անցան առանց իր դիրիժորության, ինքը կործանված ա»,- նշեց Պետրոսյանը:

Անդրադառնալով Պուտին-Փաշինյան վերջին հանդիպմանը, որի ժամանակ Փաշինյանը թափթփված տեսք ուներ, բացի այդ՝ զլացել էր անգիր անել երկրի համար հույժ կարեւոր մի քանի հարցեր, ասաց. «Ուղղակի խայտառակություն է, Փաշինյանը երբեք էլ լուրջ մարդու տպավորություն չի թողել՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Կարելի է թղթից օգտվել, բայց դու հինգ օր առաջ մեկուսանում ես՝ իբր թե այդ հանդիպմանը պատրաստվելու համար, եւ այդ ընթացքում, լինելով երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձ, չես կարողանում քո երկրի համար հինգ կարեւոր՝ կենսական նշանակության խնդիր մտաբերել, բանավոր վերարտադրել եւ խոսել այդ մասին: Մեր ազգի, մեր երկրի դժբախտությունն է, որ արտաքին աշխարհում մեզ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը»:

Մեկնաբանելով իշխանության ներկայացուցիչների տարածած՝ ռազմագերիների վերադարձի մասին կեղծ լուրերը՝ Պետրոսյանը դա որակեց  որպես ծաղր ռազմագերիների հարազատների եւ հայ ժողովրդի հանդեպ։ «Ռազմագերին ուրիշ կատեգորիա է, ռազմագերու վերաբերյալ սին հայտարարություններ հեղինակել, հետո լրագրողներից փախչել, ասուլիսներ չտալ․․․ Երեկ այդ ի՞նչ էր վարչապետի խոնակ կոչեցյալի վարքագիծը: Բա դու, աղջի՛կ ջան, խոսնակն ես վարչապետի, հայտարարել ես, որ գերիները վերադառնում են, լրագրողը մոտենում՝ հարց է տալիս, թե ինչո՞ւ ես կեղծ հայտարարություն տվել, փախնում, նստում ես քո ծառայողական մեքենան: Իրանց քայլականները եւ պաշտոնյաները փախած են լրագրողներից: Մի ապիկար մանդատակիր էլ՝ նոր, բայց իրականում զառամյալ, լրագրողներին ամոթանք է տալիս, թե՝ շատ տարիներ հետո ամաչելու եք ձեր այս պահվածքի համար: Թե լրագրողներն ի՞նչ են արել, որ ամաչեն։ Ինչ արել եք, դուք եք արել: Դուք ամաչեք, որ այսօր շարունակում եք մնալ ապիկար Փաշինյանի կողքին»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Լիանա Սարգսյան

yerkir.am



Նման նյութեր