NEWS.am STYLE-ն իր ընթերցողին հաճախ է ներկայացնում հարցազրույցներ աշխարհում հայտնի մեր հայրենակիցների հետ, որոնցից յուրաքանչյուրի հաջողությամբ ե´ւ հպարտանում ենք, ե´ւ ուրախանում: Այսպիսով, սկսում ենք նոր շարք՝ «ArmenՅԱՆs», որի շրջանակում օտար երկրներում հաջողության հասած եւ միջազգային ճանաչում վայելող հայերի հետ զրուցելու ենք իրենց անցած ճանապարհի, այլ երկրներում օտար լինելու դժվարությունների եւ առավելությունների, ինչպես նաեւ՝ Հայաստանի անունն աշխարհում հնչեցնելու կարեւորության մասին:
Մեր խորագրի առաջին զրուցակիցը Բոլիվուդում հայտնի վարսահարդար եւ դիմահարդար Մարիաննա Մուկուչյանն է: Մարիաննայի՝ աստղային համագործակցություններին NEWS.am STYLE-ը միշտ է անդրադառնում. հայուհին շպարում ու վարսահարդարում է այնպիսի հայտնիների, ինչպիսիք են՝ Պրիյանկա Չոպրան եւ Այշվարիա Ռայը: Ի դեպ, Մարիաննան Իվետա Մուկուչյանի հարազատ քույրն է, եւ ինչպես նշել է մեզ հետ նախորդ զրույցներից մեկում՝ տարբեր երկրներում բնակվելու պատճառով՝ ոչ միշտ է հաջողվում դիմահարդարել քրոջը, սակայն իրենց հանդիպումները միշտ նշանավորվում են նոր ու հետաքրքիր աշխատանքներով:
Մարիաննայի խոսքով՝ իր կարիերան սկսվել է «անսովոր» ճանապարհով: Վարսահարդարի ու դիմահարդարի նախասիրությունից զատ՝ Մարիաննան սիրում է ճանապարհորդել, եւ հենց այդ ճանապարհորդություններն են իրեն օգնել ճանաչվել իր գործում.
«Իմ կարիերայի ճանապարհը շատ անսովոր ձեւով եմ սկսել, եթե այն համեմատենք այլ դիմահարդարների եւ վարսահարդարների ճանապարհների հետ: TEDxTalks-ին տված իմ հարցազրույցում եւս շեշտել եմ, որ կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է առաջ գնա իր սեփական քայլերով, ոչ թե հետեւի մեկ ուրիշի ճանապարհին, քանի որ այն, ինչ աշխատել է մեկ ուրիշի դեպքում, պարտադիր չէ, որ քո դեպքում էլ աշխատի, եւ հակառակը… Միգուցե, տվյալ աշխատանքին մեկ ուրիշ՝ բացարձակ տարբեր մոտեցումը քո դեպքում ավելի առատ պտուղներ տա, քան կարող էիր պատկերացնել: Այսպիսով, ես չեմ հաճախել վարսա-դիմահարդարման որեւէ դասընթացի, ամեն ինչ ինքնուրույն եմ սովորել, եւ ամեն ինչի հասել եմ իմ հարմարավետության գոտին շրջանցելով, ճանապարհորդելով եւ իմ՝ ուժեղ պորտֆոլիո կառուցելու նպատակն ամբողջացրել եմ ճանապարհորդության հանդեպ իմ սիրով: Որտեղ էլ, որ լինում էի, անպայման փորձում էի այնտեղ տվյալ ոլորտի մասնագետների հանդիպել, կազմակերպել նկարահանումներ եւ ցույց դնել իմ կարողությունները, մինչեւ որ իմ ջանքերն ինձ, վերջապես, բերեցին Հնդկաստան, որտեղ իմ կարիերան շատ արագ ու հրաշալի կերպով զարգացավ»:
Մարիաննան նշում է՝ ցանկացած երկրում էլ կան շատ այլ տաղանդավոր մասնագետներ, բայց նրա կարծիքով՝ ամեն ինչ միասին վերցրած է հաջողություն բերում.
«Ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչ անհատականություն, էներգիա ու տաղանդ ես բերում նկարահանման հրապարակ: Այդ ամենի միքսը շատ կարեւոր է, քանի որ վարսահարդարման ու դիմահարդդարման մասնագետը շատ մեծ դեր է խաղում ամբողջ նկարահանման ընթացքի մեջ. նա պետք է կարողանա ճիշտ կապ հաստատել նկարահանվող աստղի եւ ամբողջ թիմի հետ, քանի որ անդադար ներկա է լինելու նկարահանման ընթացքում: Իհարկե, մեծ դեր է խաղում նաեւ աշխատանքի որակը: Ես տեսնում եմ, որ հիմա Հնդկաստանում փոխվել է վարսահարդարների ու դիմահարդարների ձեռագիրը, ավելի է զարգացել, եթե համեմատենք նախկին աշխատանքների հետ, որոնք տեսնում էի, երբ 7 տարի առաջ առաջին անգամ եկա Հնդկաստան… Ես համոզված եմ, որ սրանում մեծ ներդրում եւ ազդեցություն ունեն նաեւ այլազգի մասնագետները, որոնք մտնելով այս շուկա՝ փոխել են աշխատանքի ոճն ու ձեւը: Հնդիկ աստղերը եւս տեսնում են այդ ամենն ու գնահատում մեր աշխատանքը: Այսպիսով, կարելի է ասել, որ օտարերկրացի վարսահարդարներն ու դիմահարդարներն իրենց տարբերվող ոճով ազդել են շուկայի վրա, ու հիմա նկատում եմ, որ հնդիկ շատ մասնագետներ փոխել են իրենց աշխատելաոճը: Ես, իսկապես, հպարտ եմ ու ուրախ, որ այսքան բանի եմ հասել Հնդկաստանում, եւ որ իմ աշխատանքն այսքան գնահատվել է: Սա շատ գեղեցիկ զգացողություն է, եւ ես նաեւ ուրախ եմ, որ կարողանում եմ ոգեշնչել նոր արտիստներին»: