Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) դիտանցումներով արձանագրված տվյալների համաձայն, դեկտեմբերին նկատվել է որոշ ապրանքատեսակների վաճառքի գների նվազում: ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի՝ «Արմենպրես»-ին տրամադրած տվյալներով կարող ենք փաստել, որ մի շարք ապրանքների գները փոփոխվել են նվազման ուղղությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
«2015 և 2016 թվականների դեկտեմբեր ամիսների գների համադրությունը ցույց է տալիս, որ թարմ հավի մսի գինը նվազել է 18%-ով, բանանի գինը՝ միջինը 18%-ով, ալյուրինը՝ 18%-ով, երշիկինը՝ 2%-ով, բրնձինը՝ 6%-ով, ձեթինը՝ 4%-ով, պանրինը՝ 2%-ով և այլն»,- նշված է հայտարարության մեջ:
Սակայն Հանձնաժողովի ամենօրյա դիտանցումների արդյունքներով ներկա պահին սոցիալական կարևորության ապրանքների գծով գնային էական տատանումներ չեն դիտարկվել: ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը խոշոր խանութներում դիտանցումներ է իրականացնելու մինչև տարվա վերջին օրը ներառյալ և գնային չհիմնավորված փոփոխություններ արձանագրելու դեպքում՝ կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: