Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում ամփոփվեց «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրությունը, որը գործում էր 2020թ. սեպտեմբերի 5-ից:
«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված էին վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը եզակի է, քանի որ արտահայտում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական գրաֆիկայի դպրոցը։
«Ցուցադրությունը ներկայացնում է այն հսկա ներուժը, որը դեռևս անհասանելի է հայաստանցի արվեստասեր հասարակության համար, և որը դեռևս իր ընդերքում պահում է հայկական կերպարվեստը՝ թե՛ դասական և թե՛ ժամանակակից: Հինգ սերնդի նկարիչներ են ներկայացված՝ սկսած 1906 թվականից: Այսօր՝ այս ցուցադրության շնորհիվ Գյումրին դարձել է գրաֆիկայի մայրաքաղաք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն Արտուշ Մկրտչյանը՝ տեղեկացնելով՝ սա Հայաստանում գրաֆիկական արվեստի ամենամեծ ցուցադրության ավարտական էքսպոզիցիան էր։
Հայաստանցի արվեստագետներից բացի, ցուցադրված էին նաև հայազգի արվեստագետներ շուրջ 15 երկրներից:
Արմենուհի Մխոյան