Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:30-ին: Առաջին ալիքի ուղիղ եթերում հայտնի կդառնա, թե ով հնարավորություն կստանա ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին. վերջնական պայքարն ընթանալու է Մարտայի և Արծվիկի միջև: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքը:
Եթե մրցույթի 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում լավագույն մասնակիցներն ընտրվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում, իսկ 2-րդ փուլում՝ միջազգային ժյուրիի և sms քվեարկության միջոցով, ապա «Դեպի եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում հաղթողը կորոշվի Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների և sms քվեարկության միջոցով:
Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություն ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետևյալն են՝ 01 Մարտա, 02 Արծվիկ: Կարճ հաղորդագրություն կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ինչպես բոլոր հաղորդաշարերի դեպքում, այս դեպքում ևս sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը» հաղորդաշարին և օգտագործվելու է բարեգործական նպատականերով:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրը «Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգն է, ով հատուկ մասնակիցների կողքին լինելու, սատարելու ինչպես նաև հայրենիքում ելույթ ունենալու նպատակով ժամանել է Հայաստան: Նրա ելույթին կարող եք հետևել նախագծի շրջանակում: