Պատերազմից հետո ծառայությունից խուսափածներին ներելն անբարոյականություն է. Ռազմական փորձագետ. aysor.am
Advertisement 1000 x 90

Պատերազմից հետո ծառայությունից խուսափածներին ներելն անբարոյականություն է. Ռազմական փորձագետ. aysor.am

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում հայտարարելու մասին կառավարության որոշումը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը համարում է նախընտրական պոպուլիզմի օրինակ։

«Հասկանալով, որ կան ինչ-որ մարդիկ, որոնք խուսափել են ծառայությունից, այդ մարդիկ Հայաստանում ունեն բարեկամներ, որոնք ինչ-որ բան են փորձում անել, ու այդ մարդկանց հարմարությունն ապահովելու համար ու դրանով նախընական դիվիդենտներ շահելու համար առաջ են քաշել այս օրինագծը», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Վրթանեսյանի խոսքով՝ օրինագծի ուղերձը հետևյալն է՝ «եթե դուք կարող եք ձեր երեխային ծառայությունից փախցնել առժամանակ, կգա ինչ-որ մի պահ, ինչ-որ մի նախընտրական փուլում, ինչ-որ մի պոպուլիստ կների»։

«Սա նախընրական կաշառք է՝ ի վնաս պետության շահերի ու, եթե սա լիներ գոնե պատերազմից առաջ, քննարկելու բաներ կլինեին, բայց պատերազմից հետո սա անելն անբարոյական է, որովհետև ստացվում է՝ նրանք, ովքեր իրենց երեխաներին ուղարկել էին դուրս, իրենք ճի՞շտ էին արել, հա՞, էդպես է ստացվում։ Մի խոսքով՝ սա շատ զզվելի, տհաճ, անբարոյական քայլ է Նիկոլ Փաշինյանի կողմից, ես համոզված եմ, որ հենց նա է այս պրոյեկտի գլխավոր շահառուն», – ասաց Կարեն Վրթանեսյանը։

Անդրադառնալով շաբաթ օրը Վայոց ձորում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, թե պետք է ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես փոխել, ժամկետը կրճատել ու գաղափար կա, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, ռազմական փորձագետն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի տապալած պատերազմի հետևանքով մարդիկ սարսափում են այն մտքից, որ իրենց որդիները կարող է նորից ստիպված լինեն պատերազմել։

«Հիմա իրենք, իրենց իսկ տապալած պատերազմով մարդկանց վախեցնելով, մարդկանց ինչ-որ մի խմբի ձայներ են փորձում գողանալ, այդպիսի խոստումներով, ըստ էության, ասում են՝ «դե լավ, մեզ բանակ պետք չի, ավելի լավ է հանձնվենք Թուրքիային ու Ադրբեջանին ու երջանիկ ապրենք»։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով առաջարկում է Հայաստանը հանձնել Ադրբեջանին, որովհետև մեր տարածաշրջանում առանց ուժեղ Զինված ուժերի Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալ չի կարող։ Կանի՞ Նիկոլ Փաշինյանն իր այդ ասածը, մեծ հարցական է, որովհետև Նիկոլ Փաշինյանը խաբելու, խոստումներ չկատարելու շատ մեծ պատմություն ունի։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հայաստանն էլ կործանել, միայն թե մնա իշխանության, թեկուզ, որպես ինչ-որ օկուպացիոն ուժի ներկայացուցիչ», – ասաց Վրթանեսյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ հայկական բանակն այսօր խայտառակ վիճակում է, բարոյալքված ու ծեծված։

«Որևէ քայլ՝ բանակի մարտունակությունը վերականգնելու, այս պահի դրությամբ չի արվում, այն դեպքում, որ Ադրբեջանը չի համարում, որ պատերազմն ավարտվել է, այն դեպքում, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ախորժակը մեծացել է ու միայն Արցախով չի սահմանափակվելու, այդ ամեն ինչի ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր անձնական իշխանության համար ամեն ինչ քանդել։ Բանակի ղեկավարները, Պաշտպանության նախարարության ղեկավարներն, ըստ էության, մարդիկ են, որոնք իրենց աշխատանքը ժամանակին տապալել են, հիմա հին սունդուկներից հանել են, նավթալինից թափ են տվել ու բերել են։ Խայտառակ վիճակ է, այդ խայտառակ վիճակի համար պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իրեն սպասարկող հանցակիցները», – ասաց Վրթանեսյանը։

Հակառակորդը կարո՞ղ է օգտվել այս իրավիճակից, Կարեն Վրթանեսյանը պնդեց՝ միանշանակ։

«Այս պահին միակ զսպող օղակը Ռուսաստանն է, իսկ Ռուսաստանի գլուխն ինչ-որ պահի կարող է շատ խառը լինել ու, հավատացեք, որ այդ պահին Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական քարոզը չի անցնելու, Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են հայոց պետականությունը վերացնելու համար», – ավելացրեց ռազմական փորձագետը։

 



Նման նյութեր