Վաղը՝ ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դհոլի վարպետ, երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի՝ Էֆոյի «Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։
Կոմիտասի թանգարան–ինստիտուտից հատնում են, որ մուտքն ազատ է։
««Դհոլի բանալի» ուսումնական ձեռնարկում ներկայացվում է հայ երաժշտական մշակույթում հայկական գործիքների մեջ դհոլի տեղն ու դերը։ Այս աշխատությունը ստեղծվել է երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Լինելով դհոլ արտադրող վարպետ՝ հեղինակն իր դասագրքում մանրամասն ներկայացնում է «Հայկական դհոլ» նվագելու առանձնահատկություններն ու հմտությունները։ Ունենալով հենց իր դհոլի դպրոցը՝ հեղինակը ձեռնարկը գրելիս հաշվի է առել դասավանդման տարիների սեփական փորձը։ Ձեռնարկը բաղկացած է մի շարք բաժիններից՝ ձայնի վերարտադրման տեխնիկա, նոտաների նշագրում, դհոլի տերմինալոգիա, երաժշտական տարրական տեսություն, վարժություններ, էտյուդներ։ Ուսումնական ձեռնարկում ներկայացված դասավանդման նյութերի, ռիթմիկ հնչերանգների առանձնահատկությունների հիմքում ընկած են հեղինակի ստեղծած կատարումները և հայկական էթնիկ ավանդական երաժշտության նմուշները»,– ասված է հաղորադրության մեջ։
Նշենք, որ Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։ 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ֆակուլտետը։ Էֆոն մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների ու փառատոնների՝ վերադառնալով դափնեկրի դիպլոմներով։ 2013թ. նա հիմնել է «Էֆո» դհոլի ստուդիան։ 2014թ. ստեղծել է «Էֆո Դհոլ» ապրանքանիշը, որն առաջարկում է բարձրորակ դհոլների տեսականի յուրահատուկ հնչողությամբ և ձևավորմամբ։