Ձմեռային արևադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, սկասվում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը: Հայ Արիական Միաբանությունը այս տոնը նշում է ամսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես տեղեկացրեցին Հայ Արիական միության լրատվական ծառայությունից, այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց արդարադատության Աստծու վերածնունդը նշեցին հենց դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Գառնո տաճարի շրջակա ձորատարածքում: Այդ օրը ձմեռային արևադարձի օրն է նաև, ու Միհր Աստվածն այս բնակարգի վերահաստատման պաշտպանն է նաև: Եվ դա է պատճառը, որ Հայ Աստվածն իր գործառույթին զուգահեռ պաշտվել է նաև որպես լույսի ու ջերմության Աստված (Արև-Աստված):
Այսօր արևածագը Հայ Արիական միաբանության հոգևոր հանձնախմբի քրմական դասը Հատիսի լանջին է դիմավորել՝ Միհրադարձի ծեսով: Ջահավառումն ուղեկցվել է ձոնով՝ առ Միհր Աստված: Այնուհետև քրմերը յուրօրինակ պար են բռնել՝ կարծես բացված ութանկյուն՝ դեմքով դեպի արևելքը: Արևապարին հետևել է գինեխումը: Սա մի ծես է, երբ քրմերը գինին ճաշակում են մեկ մեծ գավից՝ միասին երդում տալով Հայոց Արդարադատության Աստծուն՝ աչքի լույսի պես պահել Արդարության ու Ճշմարտության թիվ մեկ պատվիրանը, որ տեսանելի է ինչպես Արեգակի լույսը, այն է՝ չկա առավել թանկ բան , քան Հայրենիքը ու ամեն ջանք պետք է թափել՝ ի նպաստ Հայրենիքի ու Ազգի բարօրության:
Գինըմպումի ծեսից հետո քրմերը անթառամի ծաղիկներ են շաղ տվել շուրջբոլորը՝ ի նշան Հայոց արդարադատության Աստծուն ու նրա գործին մշտական հավատարմության: Այնուհետև քրմերը փառաբանել են Միհր Աստծուն՝ Երկիր մոլորակում և բոլոր Տիեզեաաշխարհներում Հայ տեսակի Առաքելության վերաիմաստավորման համար: Ծեսին մասնակցել են Հայ Արիական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավարները՝ հայ արիականների և համախմբված հեթանոս ազգայնականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Երևան վերադառնալիս փառաբանման ձոներ են հնչեցվել նաև Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի արձանի մոտ, որ Տիեզերական Արդարադատությունը հենվի Տիեզերական Արդար Ուժի Զորության վրա և լինի լիակատար հաղթական… Որ հանուն երկրային արդարության նպաստի նաև Հայաստանի վերամիավորման, հայության համախմբման ու հայ տեսակի առաքելության իրականացմանը: