Ռեկորդային թվով մարդիկ են եկել Ճապոնիայի կայսրին շնորհավորելու ծննդյան օրվա առթիվ
Advertisement 1000 x 90

Ռեկորդային թվով մարդիկ են եկել Ճապոնիայի կայսրին շնորհավորելու ծննդյան օրվա առթիվ

Ռեկորդային թվով ճապոնացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ են դեկտեմբերի 23-ին եկել Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատի հրապարակ՝ Ակիհիտո կայսրին շնորհավորելու ծննդյան օրվա առթիվ որը դարձել է 83 տարեկան: Կազմակերպիչների հաշվարկների համաձայն՝ հավաքվածները 33 հազարից ավելի էին:

Սա շնորհավորողների ամենամեծ թիվն է 1989 թվականից ի վեր, երբ Ակիհիտոն զբաղեցրեց ճապոնացի կայսրերի գահը:

Ավանդույթի համաձայն, նա առավոտյան Միտիկո կայսրուհու և ընտանիքի մյուս անդամների հետ միասին մարդկանց առջև է հայտնվել շենքերից մեկի ապակով փակված պատշգամբում: Հավաքվածները ոգևորությամբ թափահարում էին Ծագող արևի պատկերով դրոշակները և բացականչում՝ «բանզայ»՝ միապետին մաղթելով «10 հազար տարվա կյանք»:

Կայսրն ինքը ելույթ է ունեցել իրեն շնորհավորելու եկածների առջև՝ նրանց շնորհակալություն հայտնելով ուշադրության համար: Նա նաև ցավակցություն է հայտնել Նիիգատա պրեֆեկտուրայում սաստիկ հրդեհից տուժածներին, որի հետևանքով նախօրյակին այնտեղ ավելի քան 150 շինություն է այրվել:

Կայսրի ծննդյան օրը Ճապոնիայում նշվում է որպես ազգային տոն, այն ոչ աշխատանքային օր է: Ներկայիս ծննդյան օրվա նկատմամբ հետաքրքրությունն առանձնակի է՝ կապված այն բանի հետ, որ Ակիհիտոն այս տարվա օգոստոսին ցանկություն հայտնեց հրաժարվել գահից և այն փոխանցել իր ավագ որդուն՝ 56-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին: Ներկայում կառավարությանն առընթեր հատուկ հանձնաժողովն ուսումնասիրում է այդ հարցը: Բանն այն է, որ երկրի օրենսդրությունը գահից հրաժարում չի թույլատրում, և կայսրը պարտավոր է գահակալել ցմահ: Մինչդեռ, հարցումների տվյալների համաձայն, ճապոնացիների ճնշող մեծամասնությունը ըմբռնումով է վերաբերվել գահը թողնելու Ակիհիտոյի մտադրությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: