Գայա Արզումանյանը՝ նոր երգերի ու ապագա ծրագրերի մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գայա Արզումանյանը՝ նոր երգերի ու ապագա ծրագրերի մասին. life.panorama.am

Թեև տարին ավարտվում է, սակայն երգչուհի Գայան չի պակասեցնում աշխատանքային ակտիվությունն ու այժմ էլ զբաղված է երկու նոր երգերով.

«Պատկանում եմ այն երգիչների դասին, որոնք միշտ աշխատում են, ակտիվ են այս կամ այն գործերով: Այս պահին ունեմ նոր երկու աշխատանք, որոնք և իրենց ոճով, և ֆորմատով զգալիորեն տարբերվում են իմ` մինչ այս ունեցած բոլոր աշխատանքներից:  Առաջինը, որ 2017-ին կներկայացնեմ, կնոջ ներաշխարի կռիվ է, որ իրար հանգիստ չեն տալիս երկու էություններ` կին ու արտիստը. սա Ավետ Բարսեղյանի հետ առաջին համագործակցությունն է: Իսկ երկրորդ աշխատանքս, որ կրկին Ավետի հետ է, դուետ է, սակայն սրանից ավել փակագծերը չեմ բացի, մնացածին կտեղեկանաք արդեն ավելի ուշ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Գայան ու հավելեց, որ նոր գործերը լսելուն պես հանդիսատեսը կնկատի ժանրային փոփոխությունը:

Խոսելով 2017-ի ծրագրերից` երգչուհին նկատեց.

gayya

«Իրականում ծրագրեր չունեմ, դրանք ավելի շատ նպատակներ են, որոնց իրականացման համար ամեն ինչ անում եմ, իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, դրանք ժամանակի ընթացքում ստեղծվում են և կամ լինում, կամ` ոչ: Ինչևէ, 2017-ին ունեմ շատ ծրագրեր, դրանցից որոշները դեռ 2016-ին եմ սկսել իրականացնել ու հուսով եմ՝ ավարտին կհասցնեմ 2017-ին: Կան նոր երգեր, նոր տեսահոլովակներ ու նախագծերին մասնակցություններ»:

Հետաքրքրվելով, թե գործնականից զատ Գայան ի՞նչ նպատակներ ունի անձնական կյանքի վերաբերյալ, պատասխանեց.

«Սովորաբար անձնականիցս չեմ սիրում խոսել, առավել ևս երազել կամ պլանավորել, սակայն միևնույն ժամանակ չեմ էլ թաքցնում, որ եթե ինչ-որ փոփոխություն լինի իմ կյանքում, ես խոստանում եմ, որ բոլորն էլ կիմանան այդ մասին»:

Անդրադառնալով ամանորյա հիշողություններին` Գայան ժպիտով պատմեց.

«Կարծում եմ` բոլորի համար էլ հիշարժան են մանկության տարիները ու այդ տարիներին անցկացրաց յուրաքանչյուր Ամանոր: Հիմա չեմ կարող առանձնացնել ու ասել, թե կյանքիս ո՞ր Ամանորն է ամենահիշարժանը եղել, բայց  մանկությանս բոլոր ամանորներն էլ յուրօրինակ են եղել ու հաստատ կցանկանայի վերադառնալ մանկություն` թեկուզ մեկ ամանորյա գիշեր»:

Գայան շատ երգիչների նման Ամանորը կդիմավորի աշխատավայրում, իր խոսքով, եթե ծնողները այստեղ լինեին, հաստատ Նոր տարվա գիշերը ծնողների կողքին կլիներ.

«Վերջին մի քանի տարին, ցավոք, նշում եմ ընտանիքիցս հեռու, բայց ինձ հարազատ կոլեգաներիս հետ: Երգիչների կյանքում կարծես չգրված օրենք լինի, որ պետք է այդ օրը աշխատեն ու ուրախացնեն իրենց հանդիսատեսին: Այս տարի ևս պետք է դիմավորեմ իմ կոլեգաների ու իմ շատ սիրելի հանդիսատեսի հետ: Եթե այնպես լիներ, որ ծնողներս կողքիս լինեին, ապա անպայման իրենց հետ նշելուց հետո միայն կմիանայի ընկերներիս»,- նշեց երգչուհին ու հղեց իր բարեմաղթանքը.

«Ամենակարեորը թող խաղաղություն լինի, թող որ բոլորը առողջ լինեն ու որ բոլոր մայրերի աչքերից երջանկության արցունքներ հոսեն»:



Նման նյութեր