Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ իրենից գողացել են Սուրբ Սիլվեստրի շքանշանը, եւ ինքը պատրաստ է այն վերադարձնել վարձատրության դիմաց։ Կասյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Սուրբ Սիլվեստրի շքանշանի է արժանացել 2019թ․-ին մշակույթի ոլորտում վաստակի համար։
Երգչուհու խոսքով՝ շքանշանը գողացել են իր ավտոմեքենայից, երբ այն գտնվել է մոսկովյան կայանատեղիներից մեկում։ Նա նշել է, որ մեքենայում կարեւոր իրեր թողնել սովորություն չունի, սակայն այդ օրը «պետք է կրեր շքանշանը»։
«Ես ուրախ կլինեմ շքանշանը վերադարձնել վարձատրության դիմաց։ Այն ինքնին նյութական մեծ արժեք չունի, սակայն կարեւոր է ինձ համար. այն ամենաբարձր պարգեւն է արտիստի համար։ Եվ շքանշանը հանձնվել է փաստաթղթի հետ։ Իսկ առանց փաստաղթղթերի այն ուժ չունի»,- ասել է Կասյաը՝ նշելով, որ դիմել է ոստիկանություն։
Սուրբ Սիլվեստրի շքանշանը Վատիկանի պետական պարգեւ է։ Այն նախատեսված է պարգեւատրելու համար մարդկանց, որոնք վաստակ ունեն կաթոլիկ եկեղեցու եւ Սուրբ աթոռի առաջ։ Պարգեւը հիմնականում հանձնվում է մասնագիտական վաստակի համար, ամենից հաճախ գիտության, գրականության, արվեստի բնագավառում։