Դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանի համոզմամբ՝ ապրիլի 24-ի նշանակությունը Հայաստանում ժամանակի ընթացքում չի թուլանում, ինչը պայմանավորված է միջազգային հանրության արշավով, որը միտված է ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանոթւյունը:
Այս մասին Գալուստյանը գրել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջում՝ հրապարակելով անմոռուկի լուսանկարը:
Դերասանը հիշեցրել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում՝ Ստամբուլում ձերբակալվել, իսկ ավելի ուշ սպանվել է հայ ինտիլիգենցիայի ավելի քան 800 ներկայացուցիչ:
«Այդպես հայ ժողովուրդը, որի մեծ մասն այդ ժամանակ ապրում էր Արևմտյան Հայաստանում, զրկվեց ինտելեկտուալ էլիտայի մեծ մասից: Դրան հաջորդեց էթնիկ հայերի սպանության և տեղահանման գործընթացը, որը ստացավ «Հայոց ցեղասպանություն» անվանումը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը միլիոնավոր հայեր և նրանց աջակցող այլ ազգերի ներկայացուցիչներ տարբեր երկրներում հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, ցեղասպանություն, որը 1,5 մլն հայի կյանք խլեց: Ամեն տարի այս օրը հարյուր հազարավոր մարդիկ Երևանում այցելում են Հայոց ցեղասանության հուշահամալիր և մեխակներ, կակաչներ են խոնարհում անմար կրակի մոտ»,- նշել է Գալուստյանը: