Խաչատուր Սուքիասյանը մաքսիմում գումար է պահանջում․ նա դատի է տվել լրատվամիջոցներին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Խաչատուր Սուքիասյանը մաքսիմում գումար է պահանջում․ նա դատի է տվել լրատվամիջոցներին. hraparak.am

Գործարար Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանին եւ 6 լրատվամիջոցի՝ «Փաստինֆո», «168 ժամ», «Արմդեյ էյէմ», «Նյուզ Էյէմ», «Ասեկոսե», «Մեդիա պլյուս» (Yerevan.today):

Գործարարը, ընդհանուր առմամբ, 7 հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել: Հայցերը ներկայացվել են ապրիլի 19-ին, մինչ այս պահը դրանք դեռ վարույթ չեն ընդունվել։

Սուքիասյանի փաստաբան Գորիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տպագրված հոդվածներ կան, որոնց շրջանակում ներկայացվել են հայցերը։ Դրանցում առկա է ե՛ւ զրպարտություն, ե՛ւ վիրավորանք։ Հայցի համար հիմք են հանդիսացել տելեգրամյան ալիքներից մեկին արված այն հղումները, թե Սուքիասյանի ձեռք բերած «Ռան օյլ» բենզալցակայաններում անորակ բենզին է վաճառվում: Բացի այդ, մի այլ հոդված էլ կար այն մասին, թե գործարարը հանդիպել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:

Սպարտակ Սեյրանյանի դեմ հայց ներկայացնելու մասին էլ փաստաբանն ասաց․ «Սպարտակ Սեյրանյանի դեպքում խնդիրը կայանում էր նրանում, որ ինտերնետային տիրույթում որպես գլխավոր խմբագիր (նկատի ունի՝ Yerkir.am-ը) նշված է եղել նա, դա է եղել պատճառը։ Հետագայում, եթե կպարզվի, որ այլ անձ է, մենք, բնականաբար, մեր մարտավարությունը կփոխենք»։ Թե որքան գումար է պահանջում Սուքիասյանը լրատվամիջոցներից, ասաց, թե օրենքով նախատեսված բոլորի դեպքում մաքսիմումը, սակայն չկոնկրետացրեց, թե որքան գումարի մասին է խոսքը (օրենքը սահմանում է, որ զրպարտության դեպքում հայցվոր կողմը կարող է պահանջել մաքսիմում 2 միլիոն, իսկ վիրավորանքի դեպքում՝ 1 միլիոն դրամ):

Հարցին, թե լրատվամիջոցներին հերքման պահանջ ներկայացվե՞լ է, փաստաբանը պատասխանեց, որ ինքը դրա մասին տեղեկություն չունի, ինքը հայցեր է ներկայացրել։ «Փաստինֆո»-ի խմբագիր Սոնա Տռուզյանը մեզ հայտնեց, թե մեզանից է լսում հայցի մասին, չգիտի անգամ, թե որ նյութի մասին է խոսքը։

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանն էլ, լսելով իրենց դեմ ներկայացված հայցի մասին, կատակեց, թե դա 10-րդ հոբելյանական հայցն է, ապա նշեց․ «Ծանուցում չենք ստացել, ոչ էլ ենթադրել կարող եմ։ Էս իշխանության ներկայացուցիչներն ու իշխանամերձ շրջանակները մեկ-մեկ էնքան անկապ առիթով են դատի տալիս, որ երբեք չես կարող գուշակել, թե դրանց մտքում ինչ կա։ Այնպես որ, Սուքիասյան Խաչատուրն օրինաչափությունը խախտել է, քանի որ, սովորաբար, մեզ սորոսականներն են դատի տալիս»։Կայքին հերքման պահանջ չի ներկայացվել։

Նշենք, որ այս իշխանության հետ կապեր ունեցող, այդ թվում նաեւ որոշ պաշտոնյաներ պարբերաբար դատական հայցեր են ներկայացնում լրատվամիջոցների դեմ՝ այդպիսով ցանկանալով փակել մամուլի բերանը։ Միայն 2021 թվականի առաջին եռամսյակում 20 դատական հայց է ներկայացվել ԶԼՄ-ների դեմ։

hraparak.am



Նման նյութեր