Ալիեւը «Զանգեզուրի միջանցքում» իրենց զգում է տանտեր, իսկ Երեւանը լուռ է «խոնարհ հարսի» նման. politik.am
Advertisement 1000 x 90

Ալիեւը «Զանգեզուրի միջանցքում» իրենց զգում է տանտեր, իսկ Երեւանը լուռ է «խոնարհ հարսի» նման. politik.am

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին եւ կրկին Երեւանից արձագանք չի հնչել այդ առնչությամբ: Իլհամ Ալիեւը մասնավորապես ասել է. «Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը կդառնա Ադրբեջանի տարածքով անցնող եւ Ասիան Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մաս: Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես հրավիրում եմ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանից գործընկեր երկրներին դիտարկելու տարածաշրջանային այս ծրագրի ներուժը»:

Ադրբեջանի նախագահը այս մասին խոսել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ: Հետաքրքրիր է, որ այս հայտարարությունը Երեւանի կողմից մնացել է անպատասխան: Նախ, այս հայտարարության մեջ հետաքրքրական է այն, որ Ադրբեջանի նախագահը ֆիքսում է, որ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման համար աշխատանքներ են իրականացվում:

Դատելով այն հանգամանքից, որ գործում է տրանսպորտային եւ տնտեսական ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համաղեկավարությամբ, եւ այն, որ Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան բարձր մակարդակի բոլոր շփումներում տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցը օրակարգային է, կարելի է ենթադրել, որ ոչ հեռու ապագայում սա կդառնա իրականություն, հատկապես, որ դրա անվտանգությունն ապահովելու համար ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների գտնվելը այդ տարածքում հիմնավորելու համար այժմ Գյումրի ռուսական բազայի ընդլայնման հարցն է կարծես թե օրակարգում:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահի խոսքի ինքնավստահությունից կարելի է տպավորություն ստանալ, որ ինքն է տանտերը, եւ հրավիրում է գործընկերներին համագործակցելու: Այսինքն` քիչ է, թե Հայաստանի հանդեպ փաստացի տարածքային ոտնձգություն է իրականացնում, հավասարության նշան դնելով Լաչինի միջանցքի եւ Զանգեզուրի միջանցքի միջեւ, մի բան էլ իրեն համարում է տանտեր ու հրավիրում այլոց այդ միջանցքում նախագծեր իրականացնելու: Իսկ Երեւանը անհասկանալի լռություն է պահպանում «խոնարհ հարսի» նման:

politik.am



Նման նյութեր