Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում: Նախարարությունը, համագործակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների հետ, փորձում է քայլեր ձեռնարկել հակառակորդի վերահսկողության տակ անցած հայկական հարուստ ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, սակայն, ըստ Ղարախանյանի, դեռևս չկան այն սաստող քայլերը, որոնք Ադրբեջանին կստիպեն կանգ առնել:
Նախարարն այս մասին ասաց ապրիլի 27-ին «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը:
Նա ընդգծեց, որ այս պահին վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մոտ 2 000-ի հասնող հուշարձանի ճակատագիրը:
«Վտանգված է 13 վանական համալիրի, 122 եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի և չորս մատուռի ճակատագիր: 127 դպրոցական գրադարանը 617 հազար գրքով մնացել է օկուպացված տարածքներում, 3 շրջանային գրադարան՝ 68 հազար 398 գրքով»,- նշեց Ղարախանյանը:
Անդրադառնալով թանգարաններին՝ նախարարը տեղեկացրեց, որ տասը պետական և երկու մասնավոր թանգարան է մնացել օկուպացված տարածքներում՝ 20 000 նմուշով:
Թանգարաններից են Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը, որտեղ 7 680 ցուցանմուշ է եղել, որոնց թվում և Մկրտչյանի անձնական իրերը, Թևան Ստեփանյանի անվան և այլ թանգարաններ: Լուսինե Ղարախանյանը հիշեցրեց, որ Շուշի քաղաքի Պատմության թանգարանն է 5 000 ցուցանմուշով անցել հակառակորդի վերահսկողության տակ, Երկրաբանական պետական թանգարանը՝ 403 նմուշով, Կերպարվեստի պետական թանգարանը՝ 673 նմուշով, Գորգերի թանգարանը, որի ցուցանմուշների մեծ մասը հնարավոր է եղել տարհանել, և այլ թանգարաններ:
Ղարախանյանի խոսքով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել Տիգրանակերտի պատմահնագիտական ամրոց-թանգարանը, իսկ Հունոտի կիրճը դեռ չեզոք գոտում է: Ղարախանյանը հայտնեց, որ Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր ցուցանմուշները տարվել են Ադրբեջան, ինչի ապացույցներ կան։ «Այսօր սկսվել է երկրորդ Եղեռնը. Եղեռն` Եղեռնից հետո։ Մենք տարբեր ճանապարհներով՝ խաղաղապահների, ԱԳՆ-ի և միջազգային կառույցների միջոցով փորձում ենք կանխել դա, բայց դեռ չկան սաստող այն կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանին ստիպեն կանգ առնել»,- նշեց նա:
Ըստ Ղարախանյանի՝ Ադրբեջանն իր քաղաքականությունը երկու ուղղությամբ է առաջ տանում` հայկական հուշարձանների ոչնչացում և դրանց` որպես ալբանական մշակույթի մաս ներկայացնելու փորձեր։ «Սա հարված է մեր ինքնությանը»,- շեշտեց նախարարը: