2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։ Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը` հավելելով, որ տվյալները ներկայացված են եղել Համաշխարհային բանկի տարեկան զեկույցում։
«Առաջին հերթին ես դիմել եմ մեր ԿԲ–ին, ԿԲ–ն պարզաբանել է, որ ըստ իրենց տեղեկատվության` դրա բազային հիմքը այն ադրբեջանցիներն են, որոնք 90-ականներին գնացին հետ` Ադրբեջան, իսկ այնտեղի մեր հայերը եկան Հայաստան։ Ասվեց, որ բանաձևի հիմքում այդ թվերն են, և այդ 211 մլն–ը դուրս է բերվել ըստ այդ բանաձևի»,– ասաց պատգամավորը։
Եղիազարյանը նաև հայտնեց, որ իր դիմումից հետո զեկույցի այդ հատվածը կայքից ուղղակի հեռացվել է, բայց ինքը պահպանել է զեկույցի սքրինշոթը։
«Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ես մեր Կենտրոնական բանկի գործընկերների հետ քննարկել եմ, մենք ուսումնասիրել ենք ամեն ինչ, և պարզ է, որ մեր բանկային համակարգով որևէ փոխանցում չի գրանցվել»,– ասաց Եղիազարյանը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ մանրամասնեց, որ ըստ ՀԲ–ի հիշյալ զեկույցի` 2018թ–ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան` 84 մլն դոլար, իսկ 2017թ–ին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է 7 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան` 174 մլն դոլար։
«Այսինքն` ստացվում է, որ մենք էլ 2017թ–ին ենք այնտեղ ինչ–որ պրոցեսներ իրականացրել։ Ակնհայտ է, որ այստեղ կա՛մ մեթոդաբանության, կա՛մ մեթոդաբանության կիրառման հետ որոշակի խնդիր կա։ Փաստ է, որ տեխնիկապես բոլորիս համար հասկանալի է` դա չի կարող տեղի ունենալ, երկրորդը` եղել է խնդիր, որն անուղղակիորեն ընդունել է նաև ԿԲ–ն, ըստ այդմ` զեկույցը հեռացվել է։ Երրորդ` եթե այս հարցը շարունակում է հետաքրքրել, իսկ ինձ հետաքրքրում է, մենք իրար հետ կփորձենք ՀԲ–ից ստանալ այն հարցի պատասխանը` եթե բազային տվյալները նույնն են մնացել, ապա այդ շեղումներն ինչով են պայմանավորված»,– ասաց Թունյանը։
Այդուհանդերձ, մինչ հարցի վերջնական պարզաբանումը հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ 2017 կամ 2018թ–ին Հայաստանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ գումար չի փոխանցվել, այս տվյալներն արժանահավատ չեն։
Ընդդիմադիր պատգամավորը համաձայնեց Բաբկեն Թունյանի դիտարկման հետ` հավելելով, որ այս հարցով ՀՀ ԿԲ–ի հետ քննարկումները շարունակվում են։