«Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթող Հայկ Ղուլյանն օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Երգիչը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է «Հայ ենք, հայ» կոչվող երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մանրամասները։
«Հայ ենք, հայ»-ի երաժշտության հեղինակը Հայկն է, խոսքերը գրել են Հայկն ու իր պրոդյուսերը՝ Ամարաս Գասպարյանը։
«Պետք է անդրադառնայինք այս թեմային․ որոշեցինք դա անել ոչ թե թույլ, այլ մարդկանց համախմբող և ոգեշնչող տեսանկյունից։ Կարծում եմ՝ դեռ ոտքի կանգնելու հնարավորություն ունենք։ Կապ չունի՝ ով որտեղ է ծնվել, ինչ է ուտում, կարևորն այն է, որ հայ լինի, դա պետք է լինի բոլորիս գլխավոր արժեքը։ Երգում նշվում է, որ գյումրեցի, ջավախեցի, բեյրութահայ, արցախցի, բոլորս էլ հայ ենք։ Պետք է ուս-ուսի, խելք-խելքի տանք ու առաջ շարժվենք, որովհետև, ըստ իս, հայ մնալու չնչին, բայց վերջին մի հնարավորություն ունենք»,- ասաց Հայկը։
Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է։ «Երկար ենք մտածել տեսահոլովակի մասին, հասկացանք, որ պետք է մինիմալիզմի մեջ կարևոր բաներ նկարահանենք։ Ցույց ենք տալիս տարբեր բնակավայրերի տարազները, դետալային աշխատանք է ստացվել։ Սյուժեի միտքը թիմային աշխատանքն էր, ամեն ինչ միասին ենք քննարկել։ Կարող էինք երգի գործիքավորողի հետ տեսահոլովակը քննարկել, ռեժիսորի հետ՝ գործիքավորումը։ Պրեմիերայից հետո շատ լավ արձագանքներ եմ ստացել, այն մարդիկ, ովքեր հասկացել են, թե ինչ էինք ուզում փոխանցել տեսահոլովակի միջոցով, դրական են արձագանքել»,- նշեց նա։
Ամբողջությամբ՝ tert.am.life