Հայաստանն ու Վրաստանը քննարկել են մի նախագիծ, որի շնորհիվ հնարավոր կլինի կրճատել Երևանից Թբիլիսի գնացքով մեկնելու ժամանակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք խոշոր նախագծեր է նախաձեռնել, որոնք կարող են կյանքի կոչվել մոտակա ժամանակում։ Դրանք առայժմ նախագծման փուլում են, սակայն մենք արդեն դրանց մասին խոսել ենք մեր վրացի գործընկերների հետ»,-ասաց Խոջոյանը։
Նա նշեց, որ վրացական կողմը նույնպես շահագրգռված է այդ ծրագրերի համատեղ իրագործման հարցում։ Դրանցից մեկը Երևան-Թբիլիսի գնացքի արագության ավելացումն է, որը, բնականաբար, ավելի մեծ տնտեսական էֆեկտ կապահովի երկու երկրների համար։
Այլ մանրամասներ Խոջոյանը չհայտնեց, միայն նշեց, որ այդ ուղղությամբ հստակ քայլեր դեռ չեն ձեռնարկել։
Հիշեցնենք այսօր Հայաստանից Վրաստան կարելի է գնալ ավտոճանապարհով, երկաթուղով և օդային ճանապարհով` «Բագրատաշեն-Սադախլո», «Բավրա-Նինոծմինդա», «Գոգավան-Գուգութի», «Պրիվոլնոյե-Ախրեպի» սահմանային հսկիչ-անցագրային կետերով։