«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի՝ ArmLur.am-ին տված հարցազրույցին և նշել, որ Ազգային անվտանգության մարմինների պատմության մեջ ամենավարկաբեկված և ամենաչընդունված անձը իրավունք չունի իր հասցեին գնահատականներ տալու։
Նշենք, որ Կառլոս Պետրոսյանը հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահինու նշել, որ Սերժ Սարգսյանը, մերժված լինելով, ամեն դեպքում կարողացավ Փաշինյանի թիմում առանցքային պաշտոնների թողնել առանցքային մարդկանց (նկատի ունենալով նաև Արթուր Վանեցյանին)։
«Կառլոս Պետրոսյանը ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մի մարդ, որը շատ վատ բարքեր է բերել համակարգ, որը վաճառել է ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված հանգստյան գոտին Սևանում, հյուրանոցը սեփականացրել է, և չէի ուզի նման մարդու տված պատվերով հարցազրույցը սարքեինք օրակարգային հարց»,-ասաց Արթուր Վանեցյանը ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ ԱԱԾ մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ստեղծել են «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը, որը պահանջում է կառավարության հրաժարականը և ներկայացնում ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը։
Միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը: