Դերասանուհի Մարիամ Ադամյանն այսօր նշում է 29-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է օրվա ծրագրերի, մեծացող թվերից չվախենալու, երազանքների ու ամենակարևոր ձեռքբերման մասին:
Մարիամի խոսքով՝ թե՛ երեկ գիշերը, թե՛ այսօր տանը, աշխատավայրում անակնկալներ, նվերներ, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: «Այսօր շատ լավ՝ աշխատանքային տրամադրություն ունեմ: Առավոտից նկարահանումների եմ, իսկ երեկոյան խաղալու եմ «Ա՛խ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» ներկայացումը: Առաջին անգամ է, որ ծննդյանս օրն ամբողջությամբ աշխատանքային է, լավ եմ տրամադրված: Առհասարակ, խնջույքներ այնքան էլ չեմ սիրում, ցանկացած առիթ փորձում եմ նեղ շրջանակում կազմակերպել, հրավիրել ինձ հարազատ ու մտերիմ մարդկանց, հիմնականում հենց նրանք էլ կազմակերպում են խնջույքները»,- պատմեց նա:
Ըստ դերասանուհու՝ շատ է սիրում իր ծննդյան օրը և լավ տրամադրություն է ունենում, այդ առումով տխրելու առիթ չունի: «29-ը գեղեցիկ տարիք է, հիմա կյանքը լրիվ այլ երանգներով ու աշխարհընկալմամբ է: Տարեցտարի փոխվում են հայացքներդ, սկսում ես շատ բաներ արժևորել, մնացածից չնեղսրտել: Ամեն տարիք քո կյանքում մի բան ավելացնում է՝ նաև զգացողությունների առումով: Առհասարակ, տեսակով շատ թեթև մարդ չեմ, բայց ծանր էլ չեմ, ինձ մեծացող թվերը չեն վախեցնում: Կարծում եմ՝ դրանք կվախեցնեն նրանց, ովքեր տարին չեն օգտագործում իրենց համար ու վախենում են, որ այն անցնի: Իմ տարիքը գեղեցիկ է, ու դեռ երկար տարիներ այդ գեղեցիկ տարիներն ունենալու եմ»,- ասաց նա:
Մարիամն ընդգծեց, որ ծննդյան օրը երազանքներ մտապահում է, այս տարի միայն խաղաղություն է ուզում: «Հաջողակ մարդ եմ, իմ նպատակներն արագ են կատարվում: Սիրում եմ դեպի նպատակ տանող ճանապարհը, որովհետև այն վերջնակետից ավելի հետաքրքիր է: Դեպի նպատակներ քայլ-քայլ գնալու, մեծ պատառներ չվերցնելու, միանգամից վերջին չձգտելու արվեստ է պետք: Իհարկե, առանց համբերության հնարավոր չէ, բայց նույնիսկ վերջնակետին հաղթանակ չլինելու դեպքում ճանապարհին ինչ-որ բան սովորում ես: Մեր կյանքում ինչ լինելու է, կլինի, տիեզերքն ինքն է կառավարում, որպեսզի մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվենք: Այն, ինչ մեզ հետ կատարվում է, բնական գործընթաց է: Մեր կյանքում ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի, եթե դա գիտակցենք»,- նշեց Մարիամը:
Ամբողջությամբ՝ tert.am