Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ում դստեր լույս աշխարհ գալուց հետո հեռուստաէկրաններին չենք տեսնում, այս ընթացքում զբաղված է դերասանական արվեստից հեռու աշխատանքով: Նաիրան մի քանի ամիս է, ինչ կարի արտադրամասերից մեկում որպես PR մենջեր է աշխատում.
«Ամիսներ առաջ բեյրութահայ հրաշալի ամուսիններն ինձ գտան ու իրենց հատուկ խորիմաստությամբ ծանոթանալով` առաջարկեցին համագործակցել: Կարի արտադրամասն իրենցն է, որն արդեն երկար տարիներ է, ինչ գործում է: Հայտնի է խոշոր ընկերություններին, որովհետեւ համագործակցությունները բազմիցս են եղել»,- Life.panorama.am-ին պատմեց Նաիրան ու շարունակեց.
«Իմ կյանքի ընթացքում բացի գեղեցկության սրահից այլ բիզնես չեմ ունեցել, սակայն ընկերներիս բազմիցս եմ օգնել բիզնես հիմնելու հարցում: Դեռ մանկուց այդ առումով կազմակերպչական ջիղը ունեցել եմ, չհաշված այն, որ թղթաբանական հարցերից շատ լավ եմ գլուխ հանում, քանի որ մի ժամանակ որպես փաստաբան էի ուզում մասնագիտանալ: Ինչեւէ, աշխատանքս որքան հետաքրքիր, կրկնակի նաեւ բարդ է, մեծ պատասխանատվություն է պահանջում ինձնից, սակայն շնորհակալ եմ վստահության համար»:
Նաիրա Մովսիսյանը նշեց` նոր աշխատանքում ազատ գրաֆիկով է գործում, իր որոշումներն էլ միանշանակ են ընդունվում.
«Ուրախ եմ, որ աշխատում եմ մի միջավայրում, որտեղ իմ աշխատանքի իմաստը շատ առողջ է ընկալվում, որոշումները, որ կայացնում եմ, իրականանում են մաքսիմում արագ ու առանց քննարկման: Այս աշխատանքում, փառք Աստծո, ունեմ իմ դիրքորոշումնեը, ինձ հարգում են այստեղ ու ես ինձ ասես տանն եմ զգում: Սեփականատեր ամուսինները ինձ իրենց նոր գույնն են համարում, կարծում եմ` առաջիկայում, երբ վերադառնան, արտադրամասում եւս կնկատեն այդ նոր գույնը»,- նշեց նա:
Նաիրան ուրախ է, որ նման աշխատանքում է ներգարվվել.
«Մենք հորդորում ենք օգտվել հայկական ատադրության հագուստից, չէ որ տեղական որակը ոչնչով չի տարբերվում եւ դեռ ավելի բարձր է թուրքական կամ եվրոպական հագուստի որակից: Ինչո՞ւ մեր արտադրությամբ չհիանալ, եթե ունենք նման հնարավորություն»,- շեշտեց դերասանուհին ու հավելեց, որ շատ խանութներ տեղական կարված հագուստի վրա այլ երկրի պիտակ են ամրացնում ու ավելի թանկ վաճառում:
«Պետք է շեշտեմ, որ այն, ինչ հիմա անում եմ, բիզնես չեմ համարում, կարծում եմ` սա էլ է արվեստի մի տեսակ, չէ որ այստեղ եւս ստեղծագործում եմ»,- նշեց Նաիրան:
Նոր աշխատանքը դերասանուհուն չի խանգարի զբաղվել նաեւ առաջին մասնագիտությամբ, ավելին` իր խոսքով արդեն իսկ պլաններ ունի.
«Հիմա մի առաջարկ ունեմ հեռուստաընկերություններից մեկի կողմից: 2017-ին արդեն անոնսը կհայտնվի եթերում ու հեռուստադիտողը կտեղեկանա, թե ինչի մասին է խոսքը: Կրկնվեմ, աշխատում եմ ազատ գրաֆիկով, ուստի այսօրվա գործս չի խանգարի նաեւ նկարահանումներին: Այնպես որ, գալիք տարում կրկին հեռուստաէկրաններին կլինեմ»,- ավարտեց Նաիրա Մովսիսյանը: