Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, այժմ Մխիթարյանն ինքը պետք է որոշի, պատրա՞ստ է կրկին աշխատել Մոուրինյոյի հետ:
Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն է, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:
Ասվում էր, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով: «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել է բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:
Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի ընթացիկ մրցաշրջանի ավարտին: