Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ
Advertisement 1000 x 90

Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ

Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրթիռային հարձակման հետևանքով Լոդում մարդիկ են մահացել, զոհերի թվում նաև երեխա կա:

«Ցերեկը իրավիճակը հանգիստ է լինում, հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին է լարված։ Գնդակոծությունների հետևանքով հայկական տաճարները չեն ավերվել»,– ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ երկրում կյանքն ընթանում է սովորական ռեժիմով, մարդիկ նաև աշխատանքի են գնում, այդ պատճառով ռազմական կամ արտակարգ դրություն չի մտցվել: Ըստ Հակոբյանի` Իսրայելում կարծում են, որ հատկապես լարված կլինի այսօր երեկոյան, քանի որ մայիսի 12-ը ռամադանի վերջին օրն է (մահմեդականների համար պարտադիր պահքի ամիս):

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնական տվյալներ դեռ չի տրամադրել Իսրայելում բնակվող մեր հայրենակիցների մասին։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժման «Ալ Քասամ» բրիգադի մարտական թևը հարյուրավոր հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Շարժման ներկայացուցիչներն ընդգծել էին, որ գնդակոծությունների ակտիվացումը կապված է Պաղեստինի բնակելի շենքերին ուղղված հարվածների հետ:

armeniasputnik.am