Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր․ armdaily.am
Advertisement 1000 x 90

Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր․ armdaily.am

Լրատվամիջոցներում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ Սյունիքի մարզում Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ու հայկական կողմը ունի վիրավորներ։ armdaily.am-ը փորձել է կապ հաստատել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Փորձել են կապ հաստատել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ, սակայն համայնքապետարանից տեղեկացրել են, որ վերջինս ակտիվ բանակցությունների մեջ է ռուս սահմանապահների և ադրբեջանցիների հետ, փորձում է դիրքերը գիշերն առաջ տված ադրբեջանցիներին հետ ուղարկել։

Շուռնուխ համայնքի բնակիչ, Արցախյան պատերազմների մասնակից Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թշնամին գիշերը իր դիրքերն առաջ է տվել Իշխանասարի հատվածում՝ անցնելով պետական սահմանը և Վենիշեն բնակավայր, որտեղ շարվել են թշնամու հարյուրավոր զինվորներ։ «Ադրբեջանցիները նաև Սև լճի մոտ, որտեղ տխրահռչակ GPS-ով իրենց վերահսկողության տակ էր անցել այդ տարածքի միայն 30 տոկոսը, Շուռնուխի օրինակով այդ 30 տոկոսից բավականին առաջ են անցել։ Թշնամին իրենց մեքենայով ու Ադրբեջանի դրոշով հայտնվել է նաև Ակներ գյուղի վերևում»,-ասաց Աշխարհապետը։ Նա տեղեկացրեց նաև, որ ռուս սահմանապահները ծանր ռազմական տեխնիկա ու մարդուժ են արագ տեմպերով տեղափոխում Գորիս խոշորացված համայնքի այս հատվածները։ Այս պահին թեժ քննարկումներ են, ռուս սահմանապահներն ու Գորիսի համայնքապետը փորձում են ադրբեջանցիներին հետ ուղարկել նախնական դիրքեր։

Հավելենք, որ մեզ տեղեկացրին, որ այս պահին օդում պտտվում են ռուս սահմանապահ զորքերին պատկանող ուղղաթիռները։



Նման նյութեր