Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:
Հայկական կողմի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել հայկական տարածքում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը: Իրադրության զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին համապատասխան»։