Դատախազաքննչական մարմինները «լուծարվել են». 7-րդ օրն է թշնամին խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց քննություն չի տարվում, գործն անգամ վարույթ չի ընդունվել. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Դատախազաքննչական մարմինները «լուծարվել են». 7-րդ օրն է թշնամին խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց քննություն չի տարվում, գործն անգամ վարույթ չի ընդունվել. pastinfo.am

Ադրբեջանցիներն ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը, տեղակայվել ՀՀ-ում, իսկ իրավապահ մարմինները քննություն չեն կատարում՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների փաստով հարուցված քրեական գործով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 12-ի առավոտյան հակառակորդը առանց կրակոցի միանգամից 3-4 կմ գրավել է՝ առաջանալով Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ եւ դիրքավորվել Սեւ լճի մոտակայքում, մայիսի 13-ին արդեն հայտնի դարձավ, որ նրանք առաջացել են նաեւ Վարդենիսի եւ Սիսիանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 250 ադրբեջանցի զինվոր գտնվում է մեր երկրի տարածքում։ Վերջիններս ոչ միայն չեն ոչնչացվել որպես դիվերսանտներ, այլ անգամ չեն հռչակվել որպես դիվերսանտներ ու կալանավորելու ուղղությամբ քայլեր չեն արվել։

Ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժելու երկրորդ օրը դատախազությունը հիշեց, որ ինքը գոյություն ունի ու հայտարարեց, թե Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելը և տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները: Մայիսի 13-ին ՀՀ դատախազության կողմից հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի՝ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնին: Քրեական գործն արդեն ուղարկվել է ՔԿ։

Այսօր արդեն մայիսի 18-ն է, թշնամին շարունակում է զավթած պահել մեր հողերը, բայց քննության արդյունքների մասին ձայն բարբառոյ հանապատի։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՔԿ-ից հետ՝ պարզելու, թե ՀՀ պետական տարածք ադրբեջանցիների կողմից ներխուժելու, տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ արդյոք անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել է, թե ոչ, արդյո՞ք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որեւէ ներկայացուցչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մինչդեռ պարզվում է քննություն չի իրականացվում։ ՔԿ-ից հայտնեցին, թե քրեական գործը այս պահի դրությամբ իրենց մոտ դեռ վարույթ չի ընդունվել։

Հիշեցնենք, որ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիաների գործով, երբ սյունեցիները բարձրաձայնում էին իրենց անվտանգային հարցերը, հաշված ժամերի ընթացքում ոչ միայն քրեական գործ հարուցվեց, այլ անգամ ադրբեջանցու դեմ կռված ազատամարտիկներին, համայնքապետերին ձերբակալեցին՝ առանձնակի ցինիզմով։ Բայց հայրենիքը թշնամու ոտնձգությունից պաշտպանելը դատախազաքննչական մարմինների առաջնահերթությունների մեջ չի մտնում։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, թե հարուցվել է մեկ այլ քրեական գործ՝ հայկական կողմի գործողությունների վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և ՀՀ վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Ի դեպ, թեև քրեական գործը հարուցվել է ՀՀ-ի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներով, Սև լճի տարածքում խնդիրների մասին հասունացման մասին քաղաքագետներն ահազանգել են դեռևս մայիսի 5-ին, ավելին՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանը հատելուց առաջ մոտ 1 շաբաթ է, ինչ հայկական կողմը նկատել է , որ թշնամին զորք և տեխնիկա է մոտեցնում, ինչի մասին հայտնել էր Կարեն Վրթանեսյանը։

Աղբյուր` Փաստինֆո