
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում են խորհրդի մամուլի ծառայությունից։
Հեռախոսազրույցի առանցքային թեման էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը:
Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որեւէ հիմնավորվածություն չունեն:
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ եւ ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:
Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը: