Փակ տարածությունում գտնվող օդորակիչը կարող է առաջ բերել հիվանդությունների մի ամբողջ շարք՝ կոկորդի բորբոքում, ալերգիա, լեգիոնելեզ։ Այն նաեւ կարող է հանգեցնել շնչուղիների եւ աչքերի քրոնիկական հիվանդությունների սրման, հավաստիացնում է համաճարակաբան Դարյա Տիխոնովան (Ռուսաստան)։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, օդորակիչները կարող են նպաստել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածմանը։ Տիխոնովան խորհուրդ է տալիս ամբողջ օրը չգտնվել այնտեղ, ուր միացված է օդորակիչը, եւ ջերմաստիճանը չիջեցնել 18-ից ցածր, մանավանդ եթե փողոցում շոգ է։ Ընդունելի ջերմաստիճանը սենյակում, մասնագետի կարծիքով, 21-23 աստիճանն է։
Համաճարակաբանը նաեւ խորհուրդ է տալիս ձեռք բերել մանրէասպան ճառագայթիչ սարքեր, որոնք կարող են վարակազերծել օդը։ Բացի այդ, նա խորհուրդ է տալիս «հնարավորության դեպքում կիրառել բնական օդափոխման առավելագույն հնարավոր ռեժիմները», քանի որ օդափոխումը թույլ է տալիս նվազեցնել վարակների տարածման վտանգը։
news.am