Մեծ Բրիտանիայում սկսել են փորձարկել կորոնավիրուսի դեմ բուստերային պատվաստանյութ
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում սկսել են փորձարկել կորոնավիրուսի դեմ բուստերային պատվաստանյութ

Այսօր առկա տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ ոչ մի պատվաստանյութ չի կարող ցմահ իմունիտետ ապահովել, դրա համար շատերը ժամանակ առ ժամանակ ստիպված կլինեն նորից պատվաստվել։ Առայժմ չկան տվյալներ այն մասին, թե որ դեղամիջոցն է արդյունավետ եւ անվտանգ կրկնակի պատվաստման համար, եւ բրիտանացի գիտնականները մտադիր են պարզել դա։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտարարել է Cov-Boost-ի կլինիկական փորձարկումների մասին, որոնց ընթացքում նախատեսվում է պարզել 7 արտադրողների պատվաստանյութերի չափաբաժնի արդյունավետությունը՝ AstraZeneca, Pfizer եւ BioNTech, Moderna, Novavax, Valneva, Janssen եւ Curevac։ Սրանք աշխարհում նմանատիպ առաջին հետազոտություններն են, որոնք անհրաժեշտ են ավելի վաղ պատվաստված պացիենտների իմունային պատասխանի վրա պատվաստանյութի բուստերային չափաբաժնի ազդեցության մասին տվյալներ ստանալու համար։

Նախատեսվում է փորձարկումները սկսել հունիսին։ Դրանք կանցկացվեն թագավորության տարբեր քաղաքների բժշկական կենտրոններում՝ 2886 կամավորականների մասնակցությամբ, որոնք մինչ այդ արդեն պատվաստված կլինեն կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 7 դեղամիջոցներից մեկի երրորդ չափաբաժինը՝ առաջին բաղադրիչի ներարկումից ոչ պակաս, քան 10-12 շաբաթ անց։ Ենթադրվում է, որ արտադրողներից մեկի դեղամիջոցի առաջին չափաբաժինն ստացած մասնակիցները կարող են ստանալ այլ ընկերության պատվաստանյութ։

Գիտնականները կվերահսկեն պատվաստված մասնակիցների իմունային արձագանքը պատվաստվելուց 24, 84, 308 եւ 365 օր հետո, արյան անալիզի օգնությամբ։ Կամավորականները մշտապես կլրացնեն թերթիկներ իրենց ինքնազգացողության մասին եւ անհրաժեշտության դեպքում կկապվեն բժշկի հետ։

Բուստերային պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության մասին առաջին տվյալները հետազոտողները նախատեսում են ստանալ արդեն 2021թ. սեպտեմբերին։ Ենթադրվում է, որ լավագույն արդյունքները ցուցաբերած դեղամիջոցը կկիրառվի Մեծ Բրիտանիայի տարածքում ձմռան շեմին, երբ հնարավոր է, որ հիվանդության նոր աճ գրանցվի։

news.am