Սասեքսի դուքս արքայազն Հարին խոստովանել է, որ թմրամիջոցներ եւ շատ ալկոհոլային խմիչքներ է օգտագործել մոր` արքայադուստր Դիանայի մահվանից հետո: 36-ամյա արքայազնը «Ես, որին դուք չեք տեսնում» (The Me You Can’t See) վավերագրական ֆիլմում, որը վարում է Օփրա Ուինֆրիի հետ, պատմել է իր հոգեբանական պայքարի եւ տրավմայի մասին, որը հետապնդում է իրեն:
Դուքսը խոստովանել է, որ իրեն երբեք ոչ անձնական տարածք, ոչ ժամանակ չեն տվել` մոր մահն, իսկապես, սգալու համար: Ի վերջո դա նրան ստիպել է դիմել արգելված նյութերի ու ալկոհոլի օգտագործմանը` ինչ-որ կերպ այդ ցավը խլացնելու համար: Նա կարող էր մի քանի օր հրաժարվել սպիրտի օգտագործումից, սակայն մի օրում խմել շաբաթվա ամբողջ չափաբաժինը:
«Ես ուզում էի խմել, թմրամիջոցներ օգտագործել: Ես պատրաստ էի փորձել հնարավոր ամեն բան, միայն թե փոքրացնեի այդ ցավը եւ մոռանայի այդ զգացմունքների մասին։ Ինչ-որ պահի ես հասկացա, որ խմում էի ոչ թե այն պատճառով, որ դա ինձ դուր էր գալիս, այլ այն պատճառով, որ փորձում էի ինչ-որ բան թաքցնել»,- պատմել է արքայազն Հարին։
Արքայադուստր Դիանան մահացել է 1997թ․-ին ավտովթարի արդյունքում։ Արքայազնի խոսքով՝ 2012-2016թթ․ իր համար «մղձավանջային ժամանակ» է եղել, երբ ինքը տագնապի նոպաներ եւ խուճապներ է ունեցել։ Արգելված նյութերի եւ ալկոհոլի օգտագործումը եւս տեղի է ունեցել այդ շրջանում։
news.am