Իմ տեղեկություններով՝ շարունակվում է օպերատիվ կապը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արթուր Վանեցյան
Advertisement 1000 x 90

Իմ տեղեկություններով՝ շարունակվում է օպերատիվ կապը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արթուր Վանեցյան

Մեր հասարակության մի մեծ հատված, ցավոք սրտի, չի գիտակցում, որ սպառնալիքն արդեն եկել ու հասել է բոլորի տուն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս մասին գրում է Aysor.am-ը:

«Ընդդիմադիր ուժերն արել են ամեն ինչ, բայց ընդդիմադիր ուժերը չէին կարող գնալ ու ֆիզիկական հաշվեհարդար տեսնել իշխանության թևի ներկայացուցիչների հետ, քաղաքական առումով արել ենք ամեն ինչ, ինչ մեզնից կախված է», – ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ քաղաքական ճնշումների արդյունքում է, որ հասել են արտահերթ ընտրությունների։

«Նիկոլ Փաշինյանը որևէ շանս չունի վերարտադրվելու ու հունիսի 20-ին ընդդիմությունը հաղթելու է ու ձևավորելու է իրապես պետական ու ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն», – ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Վանեցյանն ընդգծեց՝ պատերազմ կեղծողը հաստատ ընտրություններն էլ կփորձի կեղծել (նկատի ունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին-հեղ.)։

«Եթե հանկարծ նման փորձ արվի, շատ կոշտ դիմադրության կարժանանան այս իշխանությունները։ Պահն օրհասական է, սա լոկ խոսքեր չեն, մենք հիմա մոռացել ենք Արցախի մասին, արդեն չենք խոսում գերության մեջ գտնվող մեր տղաների մասին, այսօր, արդեն, խոսում ենք Սյունիք ու Գեղարքունիք ներխուժած ադբեջանական զորքին ինչ-որ մի կերպ ՀՀ տարածքից դուրս շպրտելու մասին», – ասաց նա:

ԱԱԾ նախկին տնօրենը նշեց, թե օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հաստատված փաստ է, որ Հայաստանում կան Ադրբեջանի գործակալներ։

«Հիմա հարց եմ տալիս՝ ընկեր կապիտուլյանտ, եթե Հայաստանում գործում են ադրբեջանական գործակալներ ու դա հաստատված փաստ է, ի՞նչ եք դուք անում, շարունակում եք թույլ տալ, որ այդ գործակալական ցանը գործի՞, ինչո՞ւ չեք ձերբակալում», – ասաց նա։

Վանեցյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ շարունակվում է օպերատիվ կապը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Հիմա եթե ես սկսեմ, նոր շոկային տեղեկություններ հայտնելով, ուշադրություն սևեռեմ մեր վրա, դա կլինի անլուրջ», – ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

aysor.am



Նման նյութեր