Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստվում է այնպիսի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որը 100 տոկոսով բխում է հայ ժողովրդի շահերից:
«Եթե Ադրբեջանը կատարի մեր պայմանավորվածությունները և կատարի այն պայմանները, որոնց մասին մենք խոսել ենք, ապա այո, ես կստորագրեմ փաստաթուղթը»,- ասել էր Փաշինյանը՝ չբացահայտելով համաձայնագրի բովանդակությունը: Միաժամանակ, Փաշինյանը շեշտել էր Ադրբեջանի հետ տարածքային խնդիրների քննարկման անհրաժեշտությունը, այդ թվում՝ անկլավների հարցը:
Հիշեցնենք՝ օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր տարածել, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ ստվերային բանակցություններ է վարել, որոնց հետևանքով պատրաստվում է Ադրբեջանին հանձնել ՀՀ Տավուշի մարզի 5 և Արարատի մարզի 1 գյուղ, հաջորդիվ նաև Սևանի ու Ջերմուկի սարերը:
Բացի այդ, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի վստահեցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար:
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթին՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան: Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին գործադիրին հայտարարել էր, որ պետք է վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում:
Ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»: