Երգչուհի Ջուսը, ով այս տարի ամուսնացավ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի հետ, 168.am-ի հետ զրույցում տարվա՝ իր համար կարևորագույն իրադարձությունների շարքում նշեց ընտանիք կազմելու փաստը: Անցնող տարին, սակայն, երգչուհու համար լի էր նաև հիասթափություններով:
«Անցնող տարվա կարևորագույն իրադարձություններից է ամուսնությունս և իմ առաջին լուրջ երգը՝ հայերենով. «Հայաստան» երգի մասին է խոսքը: Իսկ եթե խոսենք այն ամենի մասին, ինչը ես մեծ հաճույքով կմոռանայի, դրանք այն թվացյալ «ընկերներն ու գործընկերներն» են, որոնցից սարսափելի հիասթափվել եմ: Տարվա բացթողումներն այն հարվածներն են, որոնք թիկունքից ստացա՝ որոշ մտերիմ մարդկանցից: Եվ դա էլ պատճառ հանդիսացավ, որ հավիտյան մոռանամ նրանց գոյության մասին»,- անկեղծանում է Ջուսը:
«Այս տարին նմանեցնում եմ առողջ մարդու սրտի կարդիոգրամայի՝ իր վայրիվերումներով հանդերձ: Տարին ինձ համար բազմերանգ էր՝ գերակշռում էին վառ գույները: Ուզում եմ, որ այդ գույներն ուղեկից լինեն ընտանիքիս և նպաստեն իմ ստեղծագործական ուղու առաջխաղացմանը»,- նշում է նա:
Մեր հարցին՝ կա՞ն արդյոք մայրանալու նշաններ, Ջուսը նշեց, որ դեռ ոչ, սակայն եկող տարվա մեջ արդեն կլինեն:
Քրիստինե Մարտիրոսյան