Սահմաններին տիրող իրավիճակը եղել է պլանավորված, և Արցախյան պատերազմից հետո Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի հատվածներից գյուղեր հանձնելու մասին խոսակցություններն ընթանում էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռազմիկ Գևորգյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին:
«Ես կարծում եմ՝ քանի որ իմացել են՝ հողերը պետք է հանձնեն, դիրքային ինժեներական աշխատանքներ չեն կատարվել: Արցախյան պատերազմից հետո ՀՀ-ի սահմաններում, որոնք հատվում էին Ադրբեջանի հետ, պետք է այդտեղ կատարվեին ակտիվ ինժեներական աշխատանքներ, սահմանազատումներ, խրամատների պատրաստումներ և այլն, բայց մենք տեսանք, որ ձմռանը զինծառայողները վրանների մեջ, առանց վառարանների, առանց համապատասխան պայմանների, քնապարկերի մեջ էին քնում և մնացած նվազագույն պայմանները չէին ապահովվում նրանց համար»,- ասաց Ռազմիկ Գևորգյանը:
Նա նաև նշեց՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունի պաշտպանության նախարար և Գլխավոր շտաբի պետ, և նրանք անգամ համարձակություն չեն ունեցել հանդիպում ունենալ զինծառայողների ծնողների հետ:
«Եթե մենք նորմալ և ազգասեր պաշտպանության նախարար ու ԳՇ պետ ունենայինք, այլ ոչ թե Նիկոլին ծառայող ստրուկներ, ապա այս իրավիճակը չէր լինի Հայաստանում: Հրամանատարական կազմն իր հերթին ուղղակի կատարում է իր առաջ դրված պարտականությունները, և նրանք չեն կարող ինքնագլուխ ինժեներական աշխատանքներ իրականացնել, և նման իրավիճակ է տիրում»,-նշեց նա:
Ռազմիկ Գևորգյանը նաև ընդգծեց՝ թուրքը կարողանում է մտնել Հայաստան, հատել ՀՀ պետական սահմանը, նստել մեր հողերի վրա և խրամատներ փորել, իսկ բանակի կողմից այդ ժամանակ որևէ արձագանք չկա:
«Սյունիքի համայնքապետերն են իրենց ջոկատներով դուրս գալիս և քշում թուրքերին: Թուրք զինվորականներին ոչ թե պետք է գերի վերցնել, այլ սահմանը հատելու պահին պետք էր կրակ արձակել և թույլ չտալ, որ նրանք սահմանը հատեն, բայց ճիշտ տարբերակ էր նաև գերեվարելը թշնամիներին և հետագայում փոխանակում իրականացնելը: Պատմության մեջ չի եղել դեպք, երբ թշնամու զորքերը գան, մի շաբաթ նստեն մեր սահմաններին և ինչ-որ բանակցություններ տարվեն նրանց հետ»,- ընդգծեց Գևորգյանը:
Նա նաև անդրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրող փաստաթղթին, ըստ որի՝ Հայաստանից որոշ գյուղեր անցնում են ադրբեջանական վերահսկողությանը:
«Այդ փաստաթուղթն էլ հրապարակման ենթակա չէ, քանի որ կոռեկտ չէ, այսինքն` փաստացի այստեղ ամենատգետ մարդը ևս պետք է հասկանա, որ սա պետական դավաճանություն է, բացահայտ դավաճանություն, երբ առանց հանրաքվեի, առանց ժողովրդի կարծիքը հարցնելու, խորհրդարանի և կառավարության կարծիքը հարցնելու ինչ-որ փաստաթղթեր են ստորագրվում և միանձնյա որոշումներ կայացնում, որ պետք է Հայաստանից տարածքներ հանձնվեն Ադրբեջանին»,- ասաց Ռազմիկ Գևորգյանը: