«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի հուշարձանն ապամոնտաժելու համար այսօր Արցախի ԿԳՄՍ նախարարը համապատասխան գրություն կհղի Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։
Նշենք, որ սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացել արձանի կապակցությամբ։ Հարցն այն է, որ մի շարք մարդիկ ահազանգում են` քանդակը հայկականության հետ որևէ կապ չունի, բացառությամբ նրա, որ ներքևի հատվածում մեսրոպյան այբուբենն է: Ֆեյսբուքյան օգտատերերն ընդգծել են, որ քանդակի վերևի հատվածի բազմաթև աստղը և հուռութքը հոգևոր խորհրդանիշներ են, բայց ոչ հայկական:
Կարծիքներ կան, որ քանդակն ադրբեջանական տարրեր է պարունակում, քանի որ հուռութքը Մուհամմեդ մարգարեի աղջկա «Ֆաթիմայի ձեռք» իսլամական հմայիլն է, իսկ աստղը Ադրբեջանի գերբն է։
«Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին»,–նշված է նախարար Լուսինե Ղարախանյանի անունից տարածված հաղորդագրության մեջ։