Հինգ միլիոն դոլարի պահանջ կառավարությանը՝ Սոթքում բիզնեսը չպաշտպանելու համար. fip.am
Advertisement 1000 x 90

Հինգ միլիոն դոլարի պահանջ կառավարությանը՝ Սոթքում բիզնեսը չպաշտպանելու համար. fip.am

Հողմային էլեկտրակայանով էլեկտրաէներգիա արտադրող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանն ու վարչական դատարանում պահանջում է կրած վնասների փոխհատուցում հինգ միլիոն դոլարի չափով։ Ընկերությունը Գեղարքունիքի մարզի Սոթքում ուներ հողմային էլեկտրակայաններ, որոնք 2020 թ. նոյեմբերին՝ հրադադարի հայտարարությունից հետո, անցել են Ադրբեջանին՝ թեև ընկերության գույքը գտնվում էր Հայաստանի տարածքում, և դա վկայող որոշումներ ու փաստաթղթեր կան։

Ինչպե՞ս ադրբեջանցիները հասան Սոթքի հողմակներին

«Զոդ ուինդը» Սոթքում 2018 թ. մայիսին ստացել էր էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա, իսկ մինչ այդ էլ Գեղարքունիքի Գեղամասար համայնքի հետ կնքել էր հողամասերի վարձակալության պայմանագիր (Գեղամասարը խոշորացված համայնք է, ու Սոթքը մտնում է այդ համայնքի մեջ), փոփոխել էր հողերի կատեգորիան՝ դարձնելով էներգետիկ արտադրության: Ընկերությունը էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմակերպում էր երկու հողմակներով ու ենթակայաններով։

«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում ընկերության համասեփականատեր Արթուր Հարությունյանը պատմեց, որ 2020 թ. նոյեմբերի 25-ին հակառակորդը մեծ թվով զինվորների ներկայությամբ մոտեցել է «Զոդ ուինդից» մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող դարպասներին, ապամոնտաժել դրանք, առաջացել ու հայտարարել, որ տարածքն ադրբեջանական է։

«Երկու հողմակայան կային իրենց ենթակայանով, ու դրան գումարած՝ ճանապարհները, դրանք բոլորն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։ Մեր զինուժը չկար, չէին վերահսկում, եթե վերահսկեին, այդպես չէր լինի։ Պաշտպանության նախարարությունը, իմ տեղեկություններով, ասել էր, որ չի կարող այդ տարածքը վերահսկել, ուրիշ տեղ էլի խնդիրներ կան։ 5-6 հոգի զինվոր է եղել մեր կողմից, նրանք 300 հոգով եկել, մտել են ու ոչինչ չէինք կարող անել։ Իրենք եկել-մտել են մեր տարածք, որտեղ որ մեր շենք-շինություններն են, մեր հողմակներն են, որտեղ միլիոնավոր դոլարների ներդրում էինք արել։ Հիմա մեր շենքերը դարձել են կազարմա»,- ասում է Հարությունյանը։

Ռուսական խաղաղապահ ուժերի հետ բանակցություններ «Զոդ ուինդը» չի փորձել վարել։ Դեպքից հետո մի քանի անգամ դիմել են կառավարություն, սակայն՝ ապարդյուն․ իրենց կորսված բիզնեսի մասին դիմումներին կառավարությունից չեն պատասխանել։ Հինգ միլիոն դոլարի փոխհատուցման չափը Հարությունյանը հիմնավորում է մինչ այս պահը ենթակառուցվածքների վրա կատարված ներդրումներով, նաև՝ կորսված շահույթի փաստով, որը, ըստ նրա, կազմում է մոտ 2 միլիոն դոլար։

«Լիցենզիա ունեինք, դա կորսվել է, դրա համար էլ փոխհատուցում պիտի լինի։ Մենք 30 միլիոն դոլարի ներդրում անելու ծրագիր ունեինք, մինչև 23 ուսումնասիրված տարածք ունեինք, որ հավանել էինք, հողմակներ պետք է տեղադրեինք, դեռ երկուսն էինք արել, պիտի շարունակեինք, բայց չեղավ։ Պետություն ունենք, պետությունը պարտավոր է մեր անվտանգությունը ապահովի, մեր բիզնեսի անվտանգությունը ապահովի»,- նշում է ձեռնարկատերը։

Հարությունյանի խոսքով՝ իրենք ունեն սեփականության վկայականներ, համայնքային ու կառավարության որոշումներ, ըստ որոնց՝ իրենց տրամադրվել են համապատասխան հողամասերը, հետևաբար՝ պետության պարտավորությունն է պաշտպանել և՛ բիզնեսի անվտանգ գործունեությունը, և՛ ՀՀ տարածքը։ Մինչ այս պահը կառավարությունը «Զոդ ուինդի» հետ կապ չի հաստատել, վնասների փոխհատուցման ու հաշտության առաջարկներ ևս չեն արվել։

«Զոդ ուինդ» ՓԲԸի մասին

«Զոդ ուինդ» ՓԲԸ-ն, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է 2003 թվականին։ Ընկերության կանոնադրական կապիտալը 163 միլիոն դրամ է։ «Զոդ ուինդի» սեփականատերերի մասին տեղեկություններ առկա չեն, թեև պարզ է, որ համասեփականատերերից մեկը Արթուր Հարությունյանն է։ Մամուլում «Զոդ ուինդը» ներկայացվում է նաև հայ-ամերիկյան ընկերություն։ Արթուր Հարությունյանի խոսքով՝ նախկինում ընկերությունում բաժնետոմսեր է ունեցել ամերիկահայ գործարար, բարերար Ջերարդ Գաֆեսճյանը, որը հետագայում վաճառել է դրանք։ «Զոդ ուինդի» տնօրենը Դավիթ Դոլունցն է՝ Գորիսի ավագանու անդամ։

Ըստ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման միտումների վերաբերյալ 2019 թվականի զեկույցի, ընկերության հողմային էլեկտրակայանի դրվածքային հզորությունը 1320 կիլովատտ է, այն բաղկացած է 2 Vestast V47 հողմակներից, որոնցից յուրաքանչյուրը 60 մետրի բարձրություն ունի։ Նույն զեկույցի համաձայն՝ ընկերությունը մտադիր էր մինչև 20 հողմակ տեղադրել, իսկ ներդրումներն էլ հասցնել 17 միլիարդ դրամի։

Կառավարությունը սպասում է դատին

«Փաստերի ստուգման հարթակը» ապրիլի 26-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին մի քանի հարցեր էր ուղղել՝ «Զոդ ուինդի» տարածքի՝ ադրբեջանական զինուժի կողմից գրավման ու ընկերության փոխհատուցման հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել «Զոդ ուինդին» փոխհատուցելու ուղղությամբ, ի՞նչ հանգամանքներում է հակառակորդը գրավել Հայաստանի այս հատվածը, արդյո՞ք ռուսական խաղաղապահ ուժերի կամ ադրբեջանական կողմի հետ կապ է հաստատվել խնդիրը լուծելու վերաբերյալ, ի՞նչ առարկություններ է ներկայացնելու դատարանում փոխհատուցման պահանջի վերաբերյալ պատասխանող կողմը, այսինքն՝ կառավարությունը։

Հարցումը քննարկվել է վարչապետի աշխատակազմում, շրջանառվել կադաստրի կոմիտեում, Արդարադատության նախարարությունում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակում, որից հետո՝ մոտ մեկ ամիս անց, կառավարությունից մեկ նախադասությամբ պատասխանել են. «Հաշվի առնելով, որ «Զոդ ուինդ» ՓԲԸ-ն ներկայացրել է դատական հայց, տեղեկացնում ենք, որ կառավարությունը կհայտնի իր դիրքորոշումը գործի շրջանակում»։

Գեղամասարի համայնքապետի արձագանքը

Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի խոսքով՝ «Զոդ ուինդի» հողերն ու ենթակառուցվածքներն ամբողջությամբ կամ անցել են հակառակորդին կամ գտնվում են հակառակորդի նշանառության ներքո։ Համայնքապետ նշում է, որ ընդհանուր առմամբ՝ ընկերությունն այդ հատվածում ուներ ավելի քան 200 հեկտար մակերեսով հողամասեր։ Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանական զինուժը մուտք գործեց Հայաստանի Հանրապետության տարածք և գրավեց հողմաէլեկտրակայանը, Ավետյանը հարցով պատասխանեց՝ իսկ ինչպե՞ս են ադրբեջանցիները ներկայում Հայաստանի մեկ այլ հատվածում՝ Սյունիքի մարզում գրավել Հայաստանի տարածքի մի հատվածն ու այնտեղ «նստել»։

Ավետյանի խոսքով՝ ինքը մի քանի անգամ փորձել է բանավոր կերպով լուծում գտնել «Զոդ ուինդի» հարցին, բայց՝ ապարդյուն։ «Բանավոր խոսել էինք «Զոդ ուինդի» սեփականատերերի հետ՝ ընդլայնման միտումներ ունեին, մեծ տարածք ունեին, հեռանկարային  բիզնես էր։ Ադրբեջանի զինվորականներն ուժ են կիրառել, եկել, նստել են։ Բանակցելը կառավարության մասշտաբով պիտի լինի, հույս ունենք՝ մի դրական արդյունք կունենանք»,- ասաց նա։

Ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման գործը դատարանը վարույթ է ընդունել, և առաջին դատաքննության օր է նշանակվել հունիսի 3-ը։

Մկրտիչ Կարապետյան

fip.am